«Քսանհինգ տարի է՝ Արցախը համայն հայության կիզակետն է դարձել». Ռուբեն Ջանբազյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/IMG_4656.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության հոկտեմբերի 20-24-ը կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակից, ԱՄՆ-ի «Armenian Weekly» շաբաթաթերթի թղթակից, ՀՅԴ կուսակցության Կանադայի մասնաճյուղի երիտասարդական միության «Արծիվ» պաշտոնաթերթի խմբագիր Ռուբեն Ջանբազյանը նմանօրինակ համաժողովների մասնակցելը նաև Հայաստան այցելու, առ Հայրենիք կարոտն առնելու լավագույն միջոցներից մեկն է համարում:
Երիտասարդ լրագրողը Հայաստանում մասնագիտական մեծամասշտաբ այսպիսի նախաձեռնության առաջին անգամ էր մասնակցում, որի մասին իր կարծիքն ու տեսակետը հայտնեց «Հայերն այսօրի»-ի հետ հարցազրույցի ընթացքում:
– Ռուբե՛ն, լրագրության ասպարեզն ընտրելը նախապատմություն ունի՞, ինչո՞ ւ ընտրեցիք այս մասնագիտությունը:
– Մասնագիտությամբ լրագրող չեմ: Բարձրագույն կրթությունս ստացել եմ իմ ծննդավայր Տորոնտոյի համալսարանի պատմության և միջինարևելյան քաղաքականություն բաժնում:
Համալսարանն ավարտելուց հետո՝ որոշել էի մանկավարժությամբ զբաղվել, և այդպես էլ ստացվեց. երկու տարի Հայոց պատմություն առարկան եմ դասավանդել Տորոնտոյի ամենօրյա հայկական վարժարանում:
Մտադրված չէի լրագրողական ասպարեզ մտնելու: Կարելի է ասել՝ պատահականությամբ, կյանքի բերումով ստացվեց: Իսկ լրագրության հանդեպ սեր արթնացել էր դեռ Երկրորդական վարժարանում սովորելու տարիներին: Այնուհետև լրագրողական առաջին փորձս կատարեցի Կանադայի հայկական «Հորիզոն» շաբաթաթերթում և «Տորոնտոյահայ» ամսագրում:
Ապա մի խումբ երիտասարդներով 2011 թվականին ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության «Արծիվ» պաշտոնաթերթը վերահրատարակեցինք. 1991 թվականին բացված թերթի աշխատանքները տարբեր պատճառներով դադարեցված էին:
Հիմա տարվա կտրվածքով 20-24 գունավոր էջերից բաղկացած 4 համար ենք լույս ընծայում: Այնուհետև ՀՅԴ կենտրոնական վարչության կողմից այդ պաշտոնաթերթի խմբագիր նշանակվեցի, որի աշխատանքները մինչև օրս սիրահոժար կատարում եմ:
– Լրագրության ո՞ր ժանրն է Ձեզ հոգեհարազատ, ի՞նչպիսի հրապարակումներով եք հանդես գալիս:
-Սփյուռքում հրատարակվող թերթերն այսօր, ցավոք, այն վիճակում են գտնվում, որ լրագրողները ստիպված են ամենուր լինելու և տարատեսակ իրադարձություններ լուսաբանելու՝ համայնքային անցուդարձ, հայաստանյան կյանք և այլն:
Շատ եմ սիրում քաղաքական դաշտը, հատկապես՝ վերլուծական-քաղաքական լրագրությունը: Ամենօրյա ուշադրությունիցս չի վրիպում Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, թե ինչ է կատարվում սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Իհարկե, ակնդետ հետևում եմ նաև սահմանային իրավիճակին:
Կարծում եմ՝ Սփյուռքում ապրող հայորդիները կարոտ են հայկական լուրերը կարդալուն:
-Կա՞ն լրագրողներ, որոնք Ձեզ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում:
– Այս պահին կոնկրետ որևէ լրագրողի անուն չեմ կարող տալ: Դեռևս փոքրուց մեծ սեր եմ ունեցել ընթերցանության, բանաստեղծություններ գրելու նկատմամբ: Նույնիսկ հայկական վարժարանի տարեգրքում և թերթում են մանկական բանաստեղծություններս տպագրվել: Շատ եմ սիրում հատկապես վիպակներ կարդալ: Ինձ վրա մեծ ազդեցություն է գործել Վիլյամ Սարոյանը, նրա ստեղծագործությունների մեծ սիրահար եմ: Լույս է տեսել նաև իմ հեղինակած «Սարոյանը հայերենով՝ երկու պատմվածք» գիրքը, որը Վիլյամ Սարոյանի պատմվածքների թարգմանությունն է: Պետք է նշեմ, որ Սարոյանի առաջին գրական փորձերը «Armenian Weekly» շաբաթաթերթում են եղել: Եվ հիմա հպարտ եմ և ուրախ, որ աշխատում եմ այն թերթում, որտեղ ժամանակին Վիլյամ Սարոյանն իր գրական փորձերն է կատարել:
-Ռուբե՛ն, այժմ խոսենք Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասին: Ձեր առաջի՞ն մասնակցությունն էր:
-Այո, առաջին անգամ էի մասնակցում: Կարծում եմ՝ համաժողովի կարևոր ազդակն այն է, որ ծավալված քննարկումների ընթացքում կարողանում ենք վեր հանել հարցեր՝ դրանք հետագայում միասին կյանքի կոչելու համար:
Շատ կարևոր է նաև տարբեր երկրներից եկած խմբագիրների և լրագրողների հետ ծանոթությունների հաստատումը: Մինչ այդ միմյանց չճանաչելով՝ համացանցային շփումներով էինք սահմանափակվում, իսկ հիմա անձնապես հանդիպելու հնարավորություն ունենք:
Շատ կարևոր են այդ կապերի ստեղծումն ու պահպանումը ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև՝ Սփյուռք-Սփյուռքի կապերի ամրապնդման տեսանկյունից:
-Համաժողովի՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրն ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար:
-Հետևյալ կերպ կբացատրեմ խորագրի իմաստը: Այն ազգը, որը պետականություն ունի, այդ պետությունը, ինքնաբերաբար, իր կենտրոնն է դառնում: Եթե մենք Սփյուռքում Հայաստանը չդիտարկենք որպես մեր պետություն ու վերջին հանգրվան, ապա Սփյուռքի կյանքը կարճ և ժամանակավոր կլինի. ես միշտ կրկնում եմ այս միտքը: Սփյուռքը 70 տարի որպես հայապահպան և հայրենասիրություն սերմանող կենտրոն ապրեց, բայց երբ Հայաստանը անկախացավ, այդ դաշտը մի փոքր փոխվեց:
Հստակ է, որ Սփյուռքում գոյատևելու են այն համայնքները, որոնք Հայաստանի հետ ամենօրյա կապի մեջ են: Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Կարակաշյանը համաժողովի իր ելույթի ընթացքում նույնպես անդրադարձավ այս գաղափարին: Սփյուռքում ձուլման վտանգը ամեն օր ենք զգում: Ամեն անգամ, երբ Հայաստան ենք գալիս, մենք լիցքավորվում ենք հայկական հողից ու ջրից և նորից մեր բնակության երկրներ վերադառնում:
Գովելի է, որ համաժողովը կազմակերպվեց նաև Արցախում, ինչը մեծ խորհուրդ ունի: Արցախում լինելը միշտ էլ տարբեր հայրենասիրական զգացողություններ է առաջացնում, որովհետև Արցախի ազատագրումը մեր նորագույն պատմության մեծ նվաճումն է: Քսանհինգ տարի է արդեն՝ Արցախը համայն հայության կիզակետն է դարձել: Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Արցախյան ազատամարտի պատմությունը, ինչը և փաստում է, որ Արցախի հողը հայ ժողովրդի համար մնում է Հայրենիք և հայկական տարածք: Անգամ քառօրյա պատերազմը մեզ ծնկի չբերեց:
Սփյուռքը երբեք չի մոռանում Արցախի մասին, մենք երկու պետություններն իրարից չենք տարբերում: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մեր մտքում մշտավառ է: Ահա սա է խորագրի խորհուրդն ինձ համար:
Զրուցեց Գևորգ Չիչյանը