Բեռլինի հայ համայնքը տոնեց իր 90-ամյա գոյությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/11/Hakobyan-Alyanak-300x225.jpg)
Հոկտեմբերի 26-ին Բեռլինի հայ համայնքը (ավելի քան 150 հրավիրյալների ներկայությամբ, որոնց կարգին` նաև գերմանական հասարակության ներկայացուցիչներ) տոնեց իր 90-ամյա գոյությունը՝ հովանավորությամբ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանի քաղաքապետի:
Միջոցառման սկզբում պարոն Վարդգես Ալյանաքը, իբրև համայնքի ներկայացուցիչ, ողջունեց հրավիրյալներին` մասնավորաբար շեշտելով ներկայությունը տիկին նախարար Հրանուշ Հակոբյանի, այն բնութագրելով գոտեպնդման արարք մը հին, բայց փոքրածավալ մնացած Բեռլինի հայ համայնքի համար:
Իր խոսքի մեջ պարոն Ալյանաքը կոչ արեց գերմանական իշխանություններին, իրենց պատմական պատասխանատվությունը գիտակցելով, չսահմանափակվել հռետորային արտահայտություններով, այլ գործնական մոտեցումներով սատար կանգնել հայ ժողովրդի խաղաղ և ապահով զարգացմանը.
«Պետք է հիշել, որ չարաշուք դահիճը՝ Թալեաթը, և իր ընկերները կը կարծեին, թե իրենց ապաստանը հոս՝ Բեռլինի մեջ, գերմանական իշխանության ապահովության ներքո պիտի կարենան գտնել: Բեռլինը պետք ունի հայերի դեմ գործած ոճիրը հիշեցնող կոթողի մը, հիշողության վայրի»,-հավելեց պարոն Ալյանաքը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր հուզիչ և քաջալերող խոսքերի մեջ անդրադարձավ Հայաստանի իշխանությունների՝ Սփյուռքի գոյատևման պայքարին սատարելու վճռականությանը, որի լավագույն արտահայտությունը 5 տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծված Սփյուռքի նախարարությունն է՝ շեշտելով, որ Սփյուռքի նախարարությունը հայրենիքի մեջ Սփյուռքի ներկայությունն ու ներկայացուցչությունն է:
Հրանուշ Հակոբյանը Գերմանիան բնութագրեց վայր մը, որտեղ դեռևս դարասկզբին ուսանել են բազմաթիվ հայ մտավորականներ, ինչպես, օրինակ, Կոմիտասը:
Նախարարը Գերմանիան բնութագրեց նաև վայր մը, ուր հայերը, 2-րդ Աշխարհամարտի հետևանքով հազիվ դուրս ելած դժոխքից, կրկին մատնվեցին նացիոնալ-սոցիալիստական դժոխային ճամբարների փորձությանը՝ իբրև գերիներ, որոնցից շատերը զոհվեցին:
Հակառակ այս պատմական փորձառության՝ Հրանուշ Հակոբյանն իր ուրախությունը հայտնեց, որ 60-ական թվականներից սկսած, հատկապես Թուրքիայից և Մերձավոր Արևելքից եկած հայերը ապաստան գտան Գերմանիայում, որոնցից շատերն այսօր գիտական, մշակութային, տնտեսական գետնի վրա օգտակար տարրեր են նկատվում:
Իր խոսքի մեջ հայ համայնքի հանդեպ նման գնահատական հայտնեց նաև քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Օրվա բանախոսն էր Բոխումի համալսարանի դասախոս, Սփյուռքի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միհրան Դաբաղը:
Պրոֆեսորը Սփյուռքը բնութագրեց որպես դժգոհության և քննադատության, կանգնել չկարենալու և կանգնել չուզելու մասնավոր ձև մը:
Շեշտեց, որ աշխույժ համայնք լինելու համար կարևորագույնը, առաջնայինը ոչ թե անփոփոխ վայրի անհրաժեշտությունն է, այլ որոշ հարցերի նոր սահմանումներ բերելու, նոր ճամփաներ փնտրելու և գտնելու կարողությունը:
Միհրան Դաբաղն ընդգծեց, որ տևական վայրափոփոխությունների ենթարկված հայ Սփյուռքն ունի հաստատ, անփոփոխ «տեղ» մը (հասցեների պատմություն), որը նախ իր համայնքն է, համայնքային կյանքը՝ իր ձևավորումներով, որը միշտ իր հետ է տանում և նորից կազմակերպում, կազմավորում:
Երկրորդ անփոփոխ «տեղը» մեր հիշողությունն է՝ կապված այն վայրերի հետ, որոնցից ստիպված էին հեռանալ մեր մեծ մայրերը և հայերերը. վայրեր՝ ահռելի կորստի:
Բանախոսը շեշտեց, որ Սփյուռքի մեջ մեր պատկանելությունը հստակ սահմանված հավաքական «մենք» մը չէ, այլ պատկանելություն է կորստի, պատումի հետքերով՝ գիտակցելով, որ մենք գոյություն ունեինք և ունենք՝ հակառակ մեր ժողովրդի հանդեպ գործված Ցեղասպանության: Գիտակցելով, որ առանց այդ հիշողության՝ պիտի չկարենանք գոյություն ունենալ:
Երեկոյի գեղարվեստական շատ հուզիչ բաժինը ստանձնել էին Նյուրնբերգի օպերայի մենակատարներ Հրաչուհի Բազենցը (օպերային իր փառահեղ ձայնով) և Գոռ Հարությունյանը (բարիտոն): Դաշնակահարուհի Անահիտ Փաշատյանի նվագակցությամբ հնչեցին արևմտաեվրոպական և հայկական ստեղծագործություններ:
Վերջում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում ներկաներն իրենց շնորհակալությունը, գոհունակությունն ու խանդավառությունը հայտնեցին նախարար Հրանուշ Հակոբյանին:
Հավելենք նաև, որ Բեռլին կատարած այցի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց նաև գերմանահայ գործարարների հետ:
Սեփական թղթակցություն, Բեռլին