Աբխազիայի հայկական կառույցների ներկայացուցիչները բարձր են գնահատում համայնքի և հայրենիքի փոխգործակցությունը

Թեև ավելի քան 100 տարի է` աբխազահայերը պատմական հայրենիքում չեն ապրում, այնուամենայնիվ պահպանում են հայկական ավանդույթներն ու ազգային ինքնությունը։
42-հազարանոց հայ համայնքն ավելի քան մեկ դար է` բնակվում է Աբխազիայում, բայց այնքան է ինտեգրվել տեղի բնակչության հետ, որ Սուխումի բոլոր պետական և հասարակական կառույցներում հայեր կան, գրում է armeniasputnik.am կայքը:
Դպրոց և կենցաղ
«Աբխազիայում մենք լավ ենք ապրում, այստեղ հայկական 27 դպրոց է գործում, մեր երեխաները հայերեն են սովորում։ Այս հարցում մեզ օգնում են Հայաստանից բերված դասագրքերը», — Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած տեսակապի ժամանակ ասաց Աբխազիայի հայերի միության նախագահ Գալուստ Տրապիզոնյանը։ Նրա խոսքով` այս տարվանից Աբխազիայի պետական համալսարանում մանկավարժական ֆակուլտետ է բացվել, որտեղ 13 հայ ուսանող է ընդունվել։ Դա կարևոր իրադարձություն է աբխազահայերի համար, քանի որ հայկական դպրոցներում երիտասարդ կադրերի կարիք կա։
Աբխազիայի Հանրապետության հանրային պալատի անդամ Խաչիկ Մինոսյանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ Աբխազիայի սահմանադրությունը մայրենիով կրթություն ստանալու հնարավորություն է տալիս հայերին։ Հայ մասնագետների խումբը պարբերաբար ժամանում է Հայաստան ուսուցիչների որակավորման մակարդակը բարձրացնելու համար։ Աբխազիայի հայկական կառույցների ներկայացուցիչները միաձայն վստահեցնում են, որ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում տեղի համայնքի և պատմական հայրենիքի փոխգործակցության հարցում։
«Ամեն տարի բազմաթիվ երեխաներ են Աբխազիայից Հայաստան ժամանում ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շնորհիվ։ Այս տարի մեր երեխաները մասնակցել են «Իմ Հայաստան» փառատոնին»,- ասաց Մինոսյանը։
Հայերն Աբխազիայի պետական համակարգում
Հայկական համայնքի շատ ներկայացուցիչներ աշխատում են Սուխումի և Աբխազիայի մյուս քաղաքների ու շրջանների պետական կառույցներում։ Մինչև վերջերս Աբխազիայի փոխվարչապետը հայ էր, սոցիալական հարցերի նախարարը` Սուրեն Քերսելյանը։ Այժմ Աբխազիայի արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարարը գնդապետ Տիգրան Դիղբալթյանն է, գյուղատնտեսության նախարարի տեղակալն Աշոտ Մինասյանն է, հանրապետության կադաստրի պալատը գլխավորում է էկոնոմիկայի նախկին նախարար Դավիթ Իրադյանը։ Թեև Հայաստանի և Աբխազիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այնուամենայնիվ աստիճանաբար զարգանում են տնտեսական կապերը, հիմնականում` մասնավոր բիզնեսի մակարդակում։
Այս պահին քննարկվում է Հայաստանից Աբխազիա ձկնամթերք արտահանելու, իսկ Աբխազիայից Հայաստան` ձկան հումք ներկրելու հարցը։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի: