Ստեփանակերտում լրագրողների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մտահղացմամբ Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում Արցախի լրագրողների համար կայացել է փորձի փոխանակման և վերապատրաստման մասնագիտական դասընթաց:
Դասընթացը վարում էր «Hareyan Publishing Corporation»-ի հիմնադիր (որն իր գործունեությունն սկսել էր 2004 թվականից), տնօրեն, լրագրող, հրապարակախոս Արմեն Հարեյանը, ով ապրում և աշխատում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հարեյանը նշել է, որ ինքն Արցախում է արդեն 5-րդ անգամ. ինքը հայրենիք է եկել այս անգամ` լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցելու համար:
Ա. Հարեյանն իր խոսքում նաև նշել է, որ արագ զարգացող մրցակցության դաշտում Արցախի լրատվամիջոցները ևս պետք է լինեն հասանլի և մրցունակ:
«Արցախի լրատվամիջոցներն դեռևս անելիքներ շատ ունեն. Արցախի մամուլի ձայնը հասանելի դարձնենք պիտի ոչ միայն սփյուռքահայ այլև արտասահմանյան ընթերցողներին ևս: Մենք պետք է կարողանանք տեղեկատվական դաշտում հաղթող դուրս գալ` առաջադրելով մեր տեսակետներն ու վերլուծությունները, որոնք շատ արագ պետք է հասցվի համաշխարհային հզոր ցանցեր. այդպիսով մեր ձայնն ավելի հասանելի կլինի միջազգային հանրությանը: Դրա համար պետք է անընդհատ հետևենք նոր տեխնոլոգիաների զարգացման ընթացքին և իմանանք, թե ինչպիսի խողովակներով պիտի աշխատենք, որ լուրը հնարավորինս արագ հասցնենք ընթերցողին»,- դասընթացի ժամանակ մասնավորապես ասել է Ա. Հարեյանը` համակարգչի միջոցով ցույց տալով այն քայլերը, որոնք կօգնեն իրականացնել նպատակը:
Դասընթացի վերջում ներկանները բարձրացրել են իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, լրագրողներ և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը հետևողներ և այլք: