Ռումինիայի հայ համայնքի գերեզմանաքարերի և մահարձանների արձանագրությունները

Մոտ երկու տարի առաջ հնարավորություն ունեցա ուսումնասիրելու և գրառելու Մոլդովայի հայ համայնքներից երեքի՝ Սուչավայի Ս. Խաչ եկեղեցու, Ս. Սիմեոն եկեղեցու, Զամկա վանքի և Հաճկատար վանքի գերեզմանաքարերը. այնուհետև Բոտոշանի Ս. Աստվածածին և Ս. Երրորդություն եկեղեցիների, Ֆոկշանի Ս. Աստվծածին եկեղեցու գերեզմանաքարերն ու մահարձանները, որոնց ամբողջական հրատարակությունը ուրիշ աշխատասիրության նյութ պետք է լինի: Նույնքան կարևոր են Յաշի Ս. Աստվածածին եկեղեցու բակում գտնվող գերեզմանաքարերն ու մահարձանները, որոնք ամբողջությամբ գրառել եմ և վերծանել։ Մյուս համայնքների գերեզմանաքարերը հնությամբ և իրենց հիշատակություններով մեծ արժեք չեն ներկայացնում, բայց ամեն դեպքում նույնպես ներառել եմ աշխատության մեջ: Հավելենք, որ նույն աշխատանքը կատարել ենք նաև Բուխարեստի գերեզմանատան մեջ, որտեղ մինչ օրս պահվում են տասնյակ հին շիրիմներ։

Ընդհանրապես, Ռումինիայում պահպանված գերեզմանաքարերը ծավալով տարբեր են: Ոմանք կարճ հիշատակություններով, հանգուցյալի անունն ու մահվան թվականը ցույց տվող, ուրիշները՝ չափածո գովասանական արձանագրություններով:

Գերեզմանաքարերից մի քանիսը զարդարված են Կենաց ծառով, կամ մեխակներով, որթատունկերով և խաղողով, ունենալով միշտ խաչ: Կան շիրիմներ, որոնք զարդարված են երկգլխանի արծվով: Բավական շատ են այն տապանաքարերը, որոնք կրում են հրեական Էմմանուել բառին սկզբնատառը, այսինքն «Է», գրեթե բոլորն էլ թռչնագիր, որը նշանակում է ընդ մեզ Աստուած (Աստված մեզ հետ):

Բոտոշանի Ս. Երրորդություն եկեղեցու զանգակատան աջ կողմը գտնվում է «Տր Յսի պաշտօնեայ լեալ, տր Աւետիս վերակոչեալ Պարխուտարեան մականուանեալ», թվական՝ 1814 փետրվար 19, տապանաքարի վերևը և ճիշտ մեջտեղը քանդակված է քահանայական գդակ, երկու կողմերը բուրվառներ, մի քիչ ներքև, մեկ սկիհ և խաչ, իսկ այս երկուսի մեջտեղում Ավետարան՝ «Ելի ի Հռրէ եկի յս. դրձլ թղմ եւ երթամ առ Հայր»: Ֆոկշանի Ս. Աստվածածին եկեղեցու գերեզմանատան մեջ պահպանված է մի քահանայի դամբարանը, որի ճակատը՝ ծաղկյա շրջանակի մեջ քանդակված են սաղավարտ, վակաս և փորուրարի մասեր. թվականը անընթեռնելի է, շիրիմը՝ «Ադրեանոպօլսեցի Տ. Ստեփանին»-ն է:

Նախքան 17-րդ դարը, մի շարք գերեզմանաքարերի հիշատակությունները եղել են չորս եզրերում, մեջտեղը ունենալով զանազան զարդարանքներ՝ սովորաբար բուսային: 17-րդ դարից հետո արձանագրությունները եղել են քարի մեջտեղում, իսկ զարդարանքները՝ եզերքներին: Տապանաքարեր, ընդհանրապես, շատ լավ որակի են եղել՝ մարմարից, իսկ աշխատությունը՝ արվեստի գործ: Մարմարյա այս քարերը բերվել են Պոլիսից, առանց որևէ գրության:

Տապանաքարերի արձանագրությունները, բացառությամբ մի քանիսի, գրաբար են, իսկ թվականները փորագրված են հայկական և արաբական թվանշաններով:
Մի շարք գերեզմանաքարեր գործածված են եկեղեցիների և վանքերի նորոգության առիթներով: Այսպես, Սուչավայի Ս. Խաչ եկեղեցու զանգակատան դռան վրա դրված են 4 հին գերեզմանաքարեր, ուրիշ 4 հատ նույն եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի վրա, 2 հատ Ս. Սիմեոն եկեղեցու մկրտության ավազանի առջև:

Բոտոշանի Ս. Աստվածածին եկեղեցու Ավագ Խորանի մոտ պահպանվել են երկու հին տապանաքարեր, իսկ Ս. Երրորդություն եկեղեցու աջակողմյան պահարանի սեղանի առջև և ձախակողմյան դռան վրա՝ 4 գերեզմանաքարեր:

Անկասկած եղել են ավելի հին ու շատ տապանաքարեր, որոնք ունեցել են իրենց առանձնահատուկ հիշատակությունները, սակայն ժամանակի հոլովումով անհետացել են և կամ էլ զարդարվել են մամուռի կանանչ թավիշով: 

Ախթալայի Ս Աստվածածին Վանքի Վանահայր՝

Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

ռումինիառումինիա1ռումինիա2ռումինիա3 ռումինիա4ռումինիա5ռումինիա6ռումինիա7 ռումինիա9ռումինիա10ռումինիա8ռումինիա11ռումինիա12

Scroll Up