ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հալեպի հետ կապված ոչ պաշտոնական նիստ կանցկացնի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր ոչ պաշտոնական նիստ կանցկացնի Սիրիայի շուրջ, որի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի Հալեպի իրադրությանը, որտեղ ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Սիրիայի կողմից հայտարարված հումանիտար դադարը:

Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ հանդիպումն անցկացվում է Կանադայի ու ևս 69 պետությունների նախաձեռնությամբ, որոնք ստորագրել են ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիթեր Թոմսոնին ուղղված դիմումը:

Նամակի համահեղինակները կոչ են  արել միջազգային հանրակցությանը:

«Կատարել զանգվածային գազանություններից ու անիմաստ բռնությունից սիրիացիներին պաշտպանելու իր պարտավորությունները»,- ասված է ՄԱԿ-ին առընթեր Կանադայի մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

Նիստում ելույթ կունենան համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը  և Սիրիայի խնդրով նրա հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան, ովքեր կզեկուցեն երկրում տիրող իրադրության և արյունահեղության դադարեցման նպատակով գործադրվող ջանքերի մասին:

Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը հայտարարել է,  որ Կանադայի կողմից միջոցառմանը մասնակցելու նպատակն է ՄԱԿ-ին կենտրոնացնել սիրիացիներին պաշտպանելու համար:

«Մենք խորապես անհանգստացած ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունակ չեղավ արձագանքել սիրիացիների հսկայական հումանիտար կարիքներին, նաև դադարեցնել քաղաքացիական անձանց վրա հարձակումները Հալեպում և Սիրիայի այլ մասերում: Այս ողբերգության զոհերն արժանի են, որ ձեռնարկվեն գործողություններ, ներառյալ մարտական գործողությունների դադարեցման՝ ստուգելի և պարտադիր ռեժիմի հաստատումը,  լիակատար ու առանց արգելքի հումանիտար մուտքի ապահովումը և  բանակցությունների վերսկսումը», – հայտարարել է Կանադայի ԱԳ նախարարը՝ Գլխավոր ասամբլեայում կայանալիք քննարկումներից առաջ:

Scroll Up