Պարգևատրվել է Սիրիա մարդասիրական օգնությունն ուղեկցած Սփյուռքի նախարարության աշխատակիցը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/պարգևատրում.jpg)
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարն ընդունել է Սիրիա առաքված ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունն ուղեկցած Սփյուռքի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցներին:
Իր խոսքում Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այդ առաքելությունն անչափ կարևոր էր Հայաստանի համար` որպես պետություն, որն այդ կերպ իր դիրքորոշումն արտահայտելուց բացի, նաև իր օգնությունն է ցուցաբերում հակամարտությունից տուժած բարեկամ երկրի քաղաքացիներին: Շնորհակալություն հայտնելով հայրենիքին մատուցած ծառայության համար՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանին, ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների աշխատակցներին պարգևատրեց ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով:
Հավելենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այս ամիս Հայաստանի Հանրապետության կողմից երկու ինքնաթիռներով Սիրիա է առաքվել 40 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդամթերք, անձնական հիգիենայի պարագաներ, ձմեռնային հագուստ, ծածկոցներ և այլն: Օժանդակության 10 տոննան բաժանվել է Դամասկոսի և ծովափնյա շրջաններում ապրող ժողովրդին, 30 տոննան՝ Հալեպի: