«Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի համատեղ մարդասիրական ձեռնարկը մեկնարկել է

Ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի տեխնիկական աջակցությամբ Միացյալ Նահանգներից ժամանած շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետների խումբը հոկտեմբերի 16-21-ը Նոյեմբերյանի հիվանդանոցում անվճար բուժծառայություններ կմատուցի Տավուշի ու Լոռու մարզի ավելի քան 1000 հիվանդի: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հիմնադրամի պաշտոնական կայքից:

Մասնավորապես կիրականացվեն ընդհանուր վիրաբուժական, ակնաբուժական, դիմածնոտային, գինեկոլոգիական վիրահատություններ, բուժական ծառայություններ, հետազոտություններ: Ձեռնարկը գլխավորում է կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը:

Հայաստան ժամանած մասնագետների առաջին խումբը տեղում նախապատրաստում է բուժսարքավորումները, գործիքները, դեղորայքը, որոնք նախապես առաքվել են ԱՄՆ-ից եւ նվիրաբերվել հիվանդանոցին: Նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ամերիկյան առողջապահական չափանիշներին համապատասխան:

Մարդասիրական այս առաքելության շնորհիվ «Գլենդեյլ-Ադվենտիստ» կենտրոնի մասնագետները նախորդ տարի հիվանդանոցում իրականացրել են տարբեր բարդության քառասուն վիրահատություն եւ սպասարկել ընդհանուրը ավելի քան 900 բնակչի: Նախաձեռնության շրջանակներում ամերիկացի գործընկերները 2015-ին հիվանդանոցին նվիրաբերել են բուժօգնության սարքերով համալրված շտապօգնության մեքենա, բուժտեխնիկա, անեսթեզիայի սարքեր, վիրահատական գործիքներ, դեղորայք: Շտապօգնության մեկ մեքենա էլ հիվանդանոցի համար ձեռք է բերվել Հիմնադրամի բարերար, ամերիկաբնակ Անդրանիկ Բաղդասարյանի նվիրատվությամբ:

Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցի հիմնանորոգումն այն ձեռնարկներից է, որն իրականություն է դարձել «Հայաստան» հիմնադրամի մի քանի տեղական մարմնի՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Լիբանանի համատեղ ջանքերով: Սահմանից ընդամենը 5 կմ հեռավորության վրա գործող բուժհաստատության առկայությունը ռազմավարական եւ բարոյա-հոգեբանական մեծ կարեւորություն ունի մարզի համար:

Հեռուստամարաթոն 2016-ի գլխավոր հովանավոր – ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
Գործընկեր – ՀԱՅՓՈՍՏ

Scroll Up