Ֆրեզնոյի հայ բժիշկները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/150.jpg)
Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ՝ Հայաստանում և Արցախում մարդասիրական բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով ԱՄՆ-ից ժամանած բժիշկների պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ բժիշկների մարդասիրական առաքելությունը, Հայաստանի մարզերում և Արցախում բժշկական օգնության և խորհրդատվության իրականացումը, ինչպես նաև հիվանդանոցներին նվիրաբերված ժամանակակից սարքավորումները: Նա մասնավորապես նշեց. «Լավ կլինի, որ ավելի հաճախ ու կազմակերպված լինեն ոչ միայն միակողմանի օգնությունները, այլև՝ բժիշկների փոխայցելությունները, փորձի փոխանակումը, համատեղ պրակտիկ աշխատանքը: Այդպիսով կյանքի կկոչենք «Առողջ Հայաստան» նախագիծը՝ Հայաստանը դարձնելով բժշկական ծառայություններ մատուցող երկիր»:
Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց խմբի կատարած աշխատանքները, տպավորությունները: Նա նշեց, որ ծրագիրն իրականացվում է Ֆրեզնոյի հայ համայնքի աջակցությամբ և հավելեց. «Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին նվիրաբերելու համար բերել ենք 750 հազար դոլարի սարքավորում : Իրականացրել ենք ժամանակակից սարքավորումներով ու նոր տեխնոլոգիաներով վերապատրաստման աշխատանքներ, 110 նեղ մասնագիտական խորհրդատվություն, 30 ատամնաբուժական և դիմածնոտային, ինչպես նաև՝ այլ վիրահատություններ: Ամենակարևորն այն է, որ Արցախում դիմածնոտային խնդիրներ ունեցող վիրավոր զինվորներին ենք օգնություն ցուցաբերել: Մենք նման քայլով փորձել ենք փոքր-ինչ օգտակար լինել Արցախի ժողովրդին: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև, որ տեղի բժիշկները ցանկացած հարցով համացանցի միջոցով կապի մեջ լինեն Ֆրեզնոյի մեր մասնագետների հետ: Բժշկական օգնություն ցուցաբերելուց զատ՝ ծանոթացել ենք իրավիճակին, հանգամանորեն գրի ենք առել բոլոր կարիքներն ու խնդրանքները: Մեր վերադառնալուն պես աշխատանքի պիտի լծվենք, ջանանք համայնքի աջակցությամբ ձեռք բերել և ուղարկել բոլոր անհրաժեշտ սարքավորումները:Կքննարկենք նաև առաքելության հաջողված կետերը: Եվ անշուշտ՝ համագործակցելով Սփյուռքի նախարարության հետ, հաջորդ տարի՝ սեպտեմբերի վերջին կվերադառնանք, ու, թերևս, ավելի մեծ ծավալով աջակցություն կբերենք»:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ ԱՄՆ-ից հայ և օտարերկրյա բժիշկների մի խումբ ժամանում է Հայաստան և Արցախ՝ մարդասիրական բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Առաջին այցելությունը Հայաստանի Հանրապետություն եղել է 2015թ-ին: Այդ այցի ընթացքում Հայաստանի 6 մարզերում և Երևանում մատուցվել են հետևյալ ծառայությունները՝ ավելի քան 505 հիվանդի բուժզննում, 16 վիրահատություն, 90 ատամնաբուժական ծառայություն, 26 մանկաբուժական ծառայություն:
Այս տարի ևս՝ հոկտեմբերի 1-14-ը, Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնությամբ, 28 հայ և օտարերկրյա բժիշկներ ժամանել են Հայաստան և Արցախ բժշկական և վիրահատական օգնություն ցուցաբերելու հայ ժողովրդին, ինչպես նաև օգնելու քառօրյա պատերազմից տուժած զինծառայողներին:
Ֆրեզնոյում գործող մի շարք բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ բարերարների շնորհիվ նրանք իրենց հետ բերել են մեծ քանակությամբ դեղորայք, բժշկական պարագաներ, ինչպես նաև՝ բարձրորակ սարքավորումներ:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պերճ Աբգարյանի կոչով և նախաձեռնությամբ Ֆրեզնոյում դրամահավաք է կազմակերպվել՝ պատերազմում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին աջակցելու համար: Հավաքվել էր ավելի քան 40,000 ԱՄՆ դոլար, որը բաժանվել է 85 զոհվածներին և վիրավորների ընտանիքներին: