Իրականությունից շատ է հեռու է աժիոտաժը, թե հալեպահայությունը ուզում է դուրս գալ ու ճար ու հնար չկա. Սփյուռքի փոխնախարար

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց Հալեպում տիրող վիճակը՝ նշելով, որ  8-10 հազար հայ են այնտեղ շարունակում ապրել, և չկա մեկը, ով ցանկանում է լքել Հալեպը և ֆինանսների պատճառով չի գալիս:

«Աժիոտաժը, թե հալեպահայությունը ուզում է դուրս գալ ու ճար ու հնար չկա, իրականությունից շատ է հեռու է: Չկա որևէ մեկը, որ դիմի Սիրիայից Հայաստան գալու համար և չստանա համապատասխան օգնություն: Նրանք, ովքեր իրնեց գրպանից վճարում են, չեն էլ դիմում, իսկ նրանք, ովքեր չունեն, դիմում են և օգնություն են ստանում, կարողանում ենք հայթայթել և՛ տոմսերը, և՛ միջոցները, որ բերենք»,-ասաց նա:

Փոխնախարարն ասաց, որ կոնկրետ թիվ ասել չեն կարող, թե քանի հայ է դեռևս ապրում,  հասկանալի պատճառներով՝ չվնասել հայ համայնքին:

Ըստ Սրապիոնյանի՝ վերջին անգամ երեկ երեկոյան են կապ հաստատել Ժիրայր Ռաիսյանի հետ, ով փոխանցել է, որ այս պահին հայկական թաղամասերի ուղղությամբ խաղաղություն է, պայթյուններ չկան, հրաձգություն չկա, և հենց հիմա խաղաղ անկյուններից մեկում նստած սուրճ է խմում:

Փոխնախարարը նշեց, թե հոկտեմբերի 17-ին սպասում են 21 հոգանոց 3 ընտանիքի անդամների ժամանում Հայաստան: Մեկ ընտանիք, նրա խոսքով, մեկ օր առաջ են ընդունել:

«Աշխատողներ ունենք, հերթապահություն են իրականացնում օդանավակայանում,  տեղեկանում ենք, որ եկողների մեջ սիրիահայեր կան, դիմավորում ենք, նրանց բեռներով տեղափոխում ենք ժամանակավոր կացարաններ, օգնում հարցերին լուծում տալու համար»,-ասաց նա:

Սրապիոնյանը հայտարարեց, թե ապատեղեկատվություն էր այն հայտարարությունը, թե 600 սիրիահայերի ինչ-որ բարերարներ պատրաստվում են Հայաստան տեղափոխել: Ըստ նրա, իրենք դիմել են «ՀԱԼԷՊ» հայրենակցական միությանը, որը տարածել էր տեղեկությունը, սակայն  7-րդ օրն է՝ տեղեկություն չեն ստանում, և փաստ չկա, որ 600 հոգանոց սիրիահայերի ցուցակ գոյություն ունի, գրում է tert.am-ը:

Scroll Up