Իրանահայ բանաստեղծ Լևոն Մինասյանի արխիվային հարուստ հավաքածուն իր արժանի տեղը գտավ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, իրանահայ արձակագիր, բանաստեծ Լևոն Մինասյանի արխիվային հավաքածուն, որը իր արժանավոր դստեր՝ լրագրող, մանկավարժ, և Միացյալ Նահանգներում հայտնի դիմահարդար Արմինե Մինասյանի մեծ ջանքերի շնորհիվ տեղափոխվել էր Հայաստան, հանդիսավոր կերպով հանձնվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, որտեղ կազմակերպվել էր հավաքածուի ցուցադրությունը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Արմինե Մինասյանին և բարձր գնահատեց  նրա ջանքերը՝ իր հոր պատգամը կատարելու և նրա հարուստ ժառանգությունը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրելու համար:

Լևոն Մինասյանի հարուստ ու բազմաբովանդակ ստեղծագործական կյանքի, նրա թողած  գրական, հարուստ ժառանգության մասին դրվատանքի խոսքերով հանդես եկան մի շարք գրականագետներ, մտավորականներ:

Ներկաներին ողջունեց Լևոն Մինասյանի դուստրը՝ Արմինե Մինասյանը: Շնորհակալություն հայտնելով հոր ստեղծագործական բեղուն կյանքը ըստ արժանվույն գնահատելու համար՝ նա նշեց. «Այսօր շատ կարևոր առաքելությամբ եմ Հայրենիքում: Շատ դժվարությամբ  մեծ քանակությամբ գրականություն եմ բերել Իրանից: Հավաքածուն ներառում է հեղինակային 100-ից ավելի գրքեր, որոնցից միայն 35-ը նվիրված է Նոր Ջուղային: Հայրս շատ էր ցանկանում իր ողջ արխիվը Հայրենիք տեղափոխել. հիմա Հայրենիքում են հանգրվանել  նաև նրա ունեցած արժեքավոր շատ գեղանկարներ, բնանկարներ, արժեքավոր իրեր, լուսանկարներ, ինչպես նաև մեր մեծերի՝ Շիրազի, Սերո խանզադյանի, Վահագն Դավթյանի, Հովհաննես Շիրազի նամակները: Հայրս երբեք ոչ մի կոչման ու շքանշանի ակնկալիք չի ունեցել. նրա հայրենասիրությունը հոգո՛ւ, արյա՛ն մեջ է եղել, սակայն պետք է ասեմ, որ նրա աշխատանքը շատ բարձր են գնահատել թե՛ Իրանում, թե՛ Հայրենիքում»:

Ամփոփելով խոսքը Անահիտ Մինասյանը նշեց, որ նախատեսվում է նաև հոր արխիվից որոշ հնատիպ, արժեքավոր  գրքեր նվիրել Մատենադարանին:

1 2 3 4

Scroll Up