Գերապայծառ Հայր Սեզար Եսայանի ձեռնադրության արարողությունը

Հոկտեմբերի 8-ին Բեյրութի Կապուչինյան միաբանության Սուրբ Լուիս եկեղեցում տեղի ունեցավ Ֆրանցիսկյան միաբանության հայր Սեզար Եսայանի եպիսկոպոսական ձեռնադրությունը: Ձեռնադրությունը հանդիսապետեց Վատիկանից ժամանած Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին: Նորին Պայծառափայլությանը որպես առընթերականեր սպասավորում էին Լիբանանում Պապական նվիրակ Գաբրիելե Կաչչան և Բեյրութի Առաքելական փոխանորդության նախկին առաջնորդ Փոլ արքեպիսկոպոս Դահդահը:

Ինչպես «Հայերն այսօր»ին հայտնում է Լիբանանում ՀՀ դեսպանության սփյուռքի հետ աշխատանքների կցորդ Վլադիմիր Պողոսյանը՝ արարողությանը ներկա էին Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գափրոյանը և Հայ Կաթողիկե Եկեղեցու միաբանները, Կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ, Մարոնիտ, Ղպտի, Ասորի, Քաղդեական, Հույն Ուղղափառ, Հույն Մելկիտե, Սիրիական Ուղղափառ, Սիրական Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների ներկայացուցիչները, բարձրաստիճան այլ հոգևորականներ, Ֆրանցիսկյան միաբանության վանականներ, Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Թամամ Սալամի անձնական ներկայացուցիչները, պետական այրեր, արտակարգ և լիազոր դեսպաններ, հավատացյալների հոծ բազմություն:

Հատկանշական է, որ հընթացս ձեռնադրության Սուրբ Պատարագի կաթոլիկ եկեղեցու սրբերի անունների հետ հիշատակվեցին Հայ Եկեղեցու սրբերը և երանելիները, ովքեր Կաթոլիկ Եկեղեցու կողմից նույնպես սրբադասվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Գրիգոր Նարեկացին, Երանելի Իգնատիոս Մալոյանը:

Նորին Պայծառափայլություն Լեոնարդո Սանդրին Սուրբ Պատարագին մասնակից ուխտավորներին ներկայացնելով ձեռնադրյալ եպիսկոպոսին, վերջինիս բարեմաղթեց, որ հաստատուն պահի իր ուխտը, գործի և ծառայի Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի լույս օրինակով և իր եկեղեցանվեր գործերին հավելի նորանոր ձեռքբերումներ:

Պետք է շեշտել, որ Գերապայծառ Հայր Սեզար Եսայանը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ազգությամբ հայ միակ տիտղոսակիր եպիսկոպոսն է: Ըստ 2016թ. տվյալների, Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին ունի 2946 եպիսկոպոս:

2016 թվականի օգոստոսի 8-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից վերջինս ձեռնադրվել է Մարեոտսի թեմի տիտղոսակիր եպիսկոպոս (Եգպիտոս, Ալեքսանդրիայի պատրիարքության ներքո գործող հին եպիսկոպոսական փոխառաջնորդություն, որը վավերագրերում հիշատակվում է 335-337 թթ.-ից): Ձեռնադրությունից հետո Գերապայծառ Հայրը ստանձնեց նաև Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Բեյրութի Առաքելական փոխանորդության առաջնորդի պաշտոնը:

Հավարտ Սուրբ Պատարագի նորընծա եպիսկոպոսն իր աղոթքն առաքեց առ Աստված և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին` մասնակցության համար:

***

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Բեյրութի Առաքելական փոխանորդության իրավասության ներքո է գտնվում Լիբանանի ողջ կաթոլիկ համայնքը: Կաթոլիկ եկեղեցու ներկայությունը Մերձավոր Արևելքում հիշատակվում է դեռևս XI դարից, երբ Խաչակրաց արշավանքների արդյունքում տարածաշրջանում հիմնվեցին խաչակիրների թագավորությունները:

1953 թվականի հունիսի 4-ի Հռոմի Պիոս XII Պապի Բուլլայով հիմնադրվել է Բեյրութի Առաքելական փոխանորդությունը` առանձնանալով Հալեպի առաքելական փոխանորդությունից: Առաքելական փոխանորդները ի պաշտոնե հանդիսանում են Արաբական Երկրների Կաթոլիկ Եպիսկոպոսների Կոնֆերանսի անդամ: Ներկայումս համայնքն ունի մոտավորապես 15.000 դավանորդ: Փոխանորդության Մայր Տաճարն է Սուրբ Լյուդովիկոս եկեղեցին: Փոխանորդության նորանշանակ եպիսկոպոսն է Սեզար Եսայանը:

Գերապայծառ Հայր Սեզար Եսայանը ծնվել է 1962 թվականին Լիբանանի Սիդոն քաղաքում: 1986 թվականից անդամակցում է Ֆրանցիսկյան միաբանության (լատ.՝ Ordo Fratrum Minorum; կամ «մինորիտներ», կամ «կրտսեր եղբայրներ») Կրտսեր Կոնվենտուալ եղբայրների վանական միաբանության Կյանքի սրբագործման համայնքին: Ուսանել է փիլիսոփայություն և աստվածաբանություն Հռոմի Սուրբ Բոնավենտուրա (San Bonaventura) Համալսարանում: 1993 թվականին իրականացնելով և ավարտին հասցնելով իր Ժամանակվոր ուխտերը` ձեռնադրվել է քահանա, այնուհետև ի կատար է ածել նաև իր Հավերժական ուխտերի իրականացումը: 2016 թվականի օգոստոսի 2-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հոգեշնորհ Հորը  նշանակել է Լիբանանի Ֆրանցիսկյան Հայրերի մեծավոր և շնորհել եպիսկոպոսական տիտղոս: 2016 թվականի օգոստոսի 8-ին ձեռնադրվել  է Մարեոտսի թեմի եպիսկոպոս (Եգպիտոս, Ալեքսանդրիայի պատրիարքության ներքո գործող հին եպիսկոպոսական փոխառաջնորդություն, որը վավերագրերում հիշատակվում է 335-337 թթ.-ից): Սեզար Եսայանը Ֆրանցիսկյան միաբանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ` խնամակալ, գանձապահ և այլն: 1998-2008 թթ. ծառայել է Սին էլ Ֆիլի Սենտ Անտուան դե Պադաու եկեղեցում որպես քահանա` միաժամանակ աշխատելով Կաթոլիկ եկեղեցական դատարանում: Հոգեշնորհ Հոր ջանքերով Զահլեում վերանորոգվել են եկեղեցին, վանական կառույցները, ինչն իր հերթին նպաստել է բարեգործական և քարոզչական մի շարք ծրագրերի իրականացմանը: Հանդիսանում է մի շարք աստվածաբանական, քարոզխոսական, փիլիսոփայական աշխատանքների հեղինակ:

Գերապայծառ Հայրն իր այս նոր պաշտոնում փոխարինել է լիբանանցի Փոլ արքեպիսկոպոս Դահդահին:

ձեռնադրություն5ձեռնադրություն2ձեռնադրություն3ձեռնադրություն1ձեռնադրություն4

 

Scroll Up