Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Հռոմում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Hrom-300x225.jpg)
Հոկտեմբերի 7-ին Հռոմի Ֆերայոլի պալատում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի և կառավարության անդամներ, Հռոմում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գործարարներ, լրատվամիջոցների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Մասնակիցներին ուղղված իր ելույթում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն անդրադարձավ հայ ժողովրդի անցած պատմական ուղուն, դարերի պատմություն ունեցող հայ-իտալական կապերին և Իտալիայում հայ համայնքի դերակատարությանը: Հայաստանի դեսպանը խոսեց անկախության 25 տարիների ձեռքբերումների, իրականացված բարեփոխումների, հայ-իտալական հարաբերություններում արձանագրված առաջընթացի, Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների և մարտահրավերների մասին:
Իր խոսքում դեսպան Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու ու ակտիվ անդամ և որպես կայուն ու զարգացող երկիր, շարունակելու է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: