Տոնական միջոցառումներ Ռումինիայի Կոնստանցիա քաղաքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/IMG_1949.jpg)
Հոկտեմբերի 8-9-ը Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի ունեցան մի շարք հոգևոր ու մշակութային միջոցառումներ՝ նվիրված տեղի Ս. Աստվածածին եկեղեցու 118-ամյակին: Կազմակերպիչներն էին Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ծուխը՝ գլխավորությամբ հոգևոր հովիվ, արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի և Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի՝ նախագահությամբ Լիվիու Մերդինյանի:
Ինչպես Հայերն այսօրին հաղորդում են Ռումինիայի Հայոց թեմից՝ տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 8-ին՝ շաբաթ օրը, ժամը՝ 18:30-ին: Մարիա թագուհու անունը կրող արվեստի դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ երեցկին Արմինե Խաչատրյանի մենահամերգը՝ նվագակցությամբ անվանի դաշնակահարուհի Սիլվիա Ցիգմեանուի: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ դասական երաժշտության գոհարներ, արիաներ տարբեր օպերաներից, ինչպես նաև՝ համաշխարհային դասական երաժշտության հայտնի երգահանների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Տիգրան Չուխաջյան, Ռոբերտ Պետրոսյան, Գրիգոր Հախինյան, Գեղունի Չթչյան, Մոցարտ, Հենդել, Ռոսինի, Պուչինի, Վերդի և այլն:
Երեկոյին ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, բազում հյուրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ ոչ միայն Կոնստանցայից, այլ նաև Ռումինիայի մի շարք քաղաքներից՝ Բուխարեստ, Պիտեշտ, Թուլչա և այլն:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին, Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տոնական Ս. Պատարագ՝ ձեռամբ Տ. Տաթև եպս. Հակոբյանի, հավարտ որի եկեղեցու բարեկարգված ու ընդարձակ պարտեզում կատարվեց մատաղի օրհնություն: Օրհնված մատաղը բաժանվեց ներկա հավատավոր բազմությանը
Միևնույն օրը, հոկտեմբերի 9-ին, ժամը 13:30-ին, Իբիս հյուրանոցային համալիրի ,,Պրեստիժ,, սրահում տեղի ունեցավ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի ,,Քարոզներ,, գրքի շնորհանդեսը: Ներկա էին գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համառոտ բանախոսությամբ հանդես եկան Արշալույս Սարգսյան Գուրըուն, ով նաև գրքի խմբագիրներից մեկն է, ինչպես նաև հեղինակը՝ խոստովանելով, որ իր քարոզները մեկ ընդհանուր գրքով լույս ընծայելու մտահղացումը պատկանում է Թեմակալ Առաջնորդին, ում հորդորներով էլ սկսել է հավաքել վերջին տարիներին Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու սրբազան խորանից խոսված քարոզները՝ ամփոփելով դրանք մեկ գրքի մեջ: Գիրքը երկլեզու է՝ հայերեն և ռումիներեն, նախատեսված ինչպես հայախոս, այնպես էլ ռումինախոս ընթերցողների համար: Քարոզգրքի նպատակն է Աստծո խոսքն ու Ավետարանական ճշմարտությունները առավել հասանելի ու մատչելի դարձնել հասարակության լայն շրջանակների համար՝ նպաստելով քրիստոնեական կյանքում մարդկային հետագա առաջընթացին ու հավատքի զորացմանը: Գիրքը լույս է ընծայվել օրհնությամբ Տ. Տաթև եպս. Հակոբյանի և աջակցությամբ ու հովանավորությամբ Ռումինիայի Հայոց միության՝ ,,Արարատ,, հրատարակչությունում:
Շնորհանդեսից հետո տոնական սեղանի շուրջ բոլոր ներկաներն ու հրավիրյալները առիթ ունեցան շփվելու միմյանց հետ և կիսվելու իրենց տպավորություններով: Օրն ավարտվեց Թեմակալ Առաջնորդի՝ գերշ. Տ.Տաթև եպս. Հակոբյանի օրհնության ու բարեմաղթանքի խոսքով: