Նիդերլանդների «Վան» մեկօրյա և Սվերդլով գյուղի դպրոցները քույրացան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/Սվերդլով-300x225.jpg)
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանության, երիտասարդ սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակությանն ուղղված «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի «Միացյալ hայերը Հոլանդիայում» կազմակերպության «Վան» մեկօրյա և Լոռու մարզի Սվերդլով գյուղի դպրոցների քույրացման հուշագրի ստորագրման արարողությունը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ՝ Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը և Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալի Դանիելյանը նույնպես մասնակցում էին միջոցառմանը:
Միջոցառմանը ելույթ ունեցան քույրացվող դպրոցների տնօրեններ Արմեն Ղուկասյանը և Սվետա Աբրահամյանը: Նրանք շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը՝ խոստացան կապերն ու համագործակցությունն ուղղել Հայրենիքում և նրա սահմաններից դուրս հայկական կրթօջախների ուսումնական գործընթացների, հայապահպանական ծրագրերի, հայեցի կրթության և դաստիարակության գործի արդյունավետության բարձրացմանը:
Իր ելույթում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը և նշեց, որ համագործակցության այս օղակն արդեն մի քանի տարի իրականացվում է հինգ տասնյակից ավելի հայկական դպրոցների միջև:
Դպրոցում կազմակերպված ընդունելության և միջոցառման այլ առիթ ևս կար. Սվերդլով գյուղի թոռ, այդ դպրոցի նախկին ուսուցչուհի Սվետա Աբրահամյանը նախակրթարանին նվիրեց դպրոցական կահույք, հայտնի մանկավարժ, հոգեբան, փիլիսոփա Մարիա Մոնտեսսորի կրթա-դաստիարակչական նյութերը, դիդակտիկ պարագաները և խաղալիքներ, որոնք նպաստում են երեխայի գրագետ զարգացման և աշխարհաճանաչման գործընթացին:
«Ուրախության ու հպարտության անասելի պահեր ապրեցի, երբ տեսա փոքրիկների փայլող աչքերն ու երջանիկ դեմքը: Ծնողները չէին կարողանում նրանց տուն տանել: Հետո տեղեկացա, որ հաջորդ առավոտյան շտապել էին դպրոց՝ շարունակելու խաղալ նոր խաղալիքներով»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սվետա Աբրահամյանը՝ հավելելով, որ հիշողություններն ու հույզերն իրեն ամեն անգամ դպրոց են տանում: Զգացումներին տեղի տալով է՝ «Վան» դպրոցի 2016-2017 թթ. ուս. տարվա առաջին ժողովին ուսուցիչներին ու ծնողներին Սվերդլովի դպրոցի հետ քույրանալու առաջարկ արել, որը նրանք սիրով են ընդունել:
Հավելենք նաև, որ Սվետա Աբրահամյանը «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության և «Վան» մեկօրյա դպրոցի մի խումբ ծնողների կողմից Սվերդլով գյուղի դպրոցին փոխանցեց հանգանակած 400. 000 դրամը՝ դպրոցի հրատապ կարիք ունեցող աշխատանքներն իրականացնելու համար: