Ուսուցի´չ, մե´ծ անուն

Այսօր  ուսուցիչների և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոնն  է, ուստի  շնորհավորում եմ բոլորին  այս հրաշալի  օրվա կապակցությամբ:  Տարիների  ընթացքում այս  պատվաբեր  մասնագիտությունն  ինձ  հպարտանալու առիթ   է տվել, չէ՞  որ ուսուցիչն է  մեր  կեցության  գաղտնախորհուրդ  հավատքը  սերնդեսերունդ  ներարկողը, այդ մենք ենք  կրում  մեր  ժողովրդի անպարտելիության գաղափարը, մենք ենք մեր  հայորդիների  անձնուրաց  ու  հայրենանվեր  դաստիարակության ազնիվ մշակները:

Ինքնագնահատա՞նք  է սա, թե՞ համոզմունք, որ  ուսուցիչն  արժանի է այս վեհ կոչմանը, այդ նա է  ազգային   արժեհամակարգի   ձևավորողը, և  շատ  դժվար  է  գտնել մի այնպիսի  շնորհակալ գործ, քան աշակերտ  կրթելու  առաքելությունն է, որ նպատակ  ունի  ձևավորելու  հասարակության  լիարժեք  անդամ:  Այդ  մենք ենք, որ  արժանապատվորեն  ուզում ենք տանել  մեզ  հետ  այդ  պատվավոր կոչումը, ուրեմն ձգտենք  լինել արժանի, սիրված  ու  հարգված  մեր  սաների կողմից   ու  միշտ  հասկացված:

Ուսուցիչը  դպրոցականի համար  ընդօրինակման կերպար  է իր  անձնային որակներով, գրականության դասերին` գեղարվեստական խոսքի  ճշմարիտ  արժեքների  գիտակցումով, գրական կերպարների նորովի վերլուծությամբ, ստեղծագործական մտածողությամբ, ուսուցման նկատմամբ ունեցած  հետաքրքրություններով:  Նա տարբերվում է  իր  դասավանդման մանկավարժական փորձով, անաղարտ  հայերենի իմացությամբ, իր  նորարարությամբ   ու  նոր բացահայտումներով, հասարակական կյանքի  հոգսերով ու  խոհերով, ճշմարիտ մտավորականի  հպարտ  կեցվածքով:

Միշտ  էլ   մանկավարժի գործն   ակնածանքով և մեծարանքով է գնահատվել, քանի որ   նրան   է վերապահվել  սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը:           Մարդ, որ մտահոգ  է սերնդի  ուսմամբ  ու  դաստիարակությամբ  և  փորձում  է պարզապես մատուցել  ոչ թե պատրաստի  գիտելիքներ,  այլ  իր սաներին տանում է դեպի  ճշմարտությունը, ուղղորդում նրանց  գտնելու  այն:  Նորից շնորհավորում եմ  բոլորի տոնը,  ցանկանում ստեղծագործական նորանոր  վերելքներ, թող ուսումնական տարվա զանգի յուրաքանչյուր ղողանջ բոլորի   համար հնչի՝ գալիքի համար լույսի սերմեր շաղ տալու բարի ակնկալիքով:

Նատաշա  Պողոսյան

 Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ

դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

Scroll Up