Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգևատրեց Էդվարդ և Ժանեթ Մարտիկյաններին

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան հանձնեց Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Էդվարդ ու Ժանեթ Մարտիկյաններին` բարձր գնահատելով նրանց վաստակը Հայոց Եկեղեցու և հավատավոր ժողովրդի կյանքում: Այս մասին տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Մինչև պարգևաբաշխությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և մասնակցությամբ Մարտիկյան ամուսինների, տեղի ունեցավ Մայր Աթոռի շրջափակում գտնվող «Երեմյան» միաբանական շենքի հուշատախտակի բացման արարողությունը, որից հետո հյուրերը ծանոթացան շինության պայմաններին: Այն հիմնանորոգվել է տեր և տիկին Էդվարդ ու Ժանեթ Մարտիկյանների ազնիվ բարերարությամբ:

Շնորհաբաշխության արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Արարողությանը ներկա էին տարեկան ժողովի առիթով Հայաստանում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամները` առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ, ֆոնդի նախագահ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ֆոնդի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի:

Այս առիթով խոսք ասաց Խաժակ արքեպիսկոպոսը` անդրադառնալով մեծարյալների օրինակելի կերպարին: Սրբազանը նշեց, որ Էդվարդ և Ժանեթ Մարտիկյան ամուսինները, հավատարիմ իրենց ծնողների որդեգրած ուղուն, շարունակում են Հայոց Եկեղեցուն զորակցելու իրենց նվիրական առաքելությունը, տարբեր ծրագրերի իրագործմամբ ազնիվ վերաբերմունք ցուցաբերում Հայրենիքի և ժողովրդի հանդեպ, կարևոր նպաստ բերում նաև ՀՕՖ-ի գործունեությանն ու ծրագրերին:

Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական կոնդակը, որն ընթերցվեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից:

Հայրապետական սրբատառ կոնդակում մասնավորապես ասվում է. «Ազգային և եկեղեցական մեր կյանքում մեծ, գովարժան վաստակ ունի Մարտիկյան բարեգործ ընտանիքը, որ սերնդեսերունդ հաջորդականությամբ իր սրտաբուխ ընծայաբերումներով ու ազնիվ հանձնառություններով ծառայում է հանուն հավատավոր մեր ժողովրդի բարօրության և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավետ պայծառության:

Մենք ուրախ առիթ ենք ունեցել ճանաչելու Ձեր ծնողներին, հաղորդ դառնալու նրանց եկեղեցասեր ու ազգասեր ոգուն, նրանց աստվածահաճո գործերին, որոնք մշտապես աղոթքով ու երախտագիտությամբ են հիշվելու հայորդյաց հոգիներում: Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Ձեր ծնողաց լուսավոր օրինակով՝ Դուք, սիրելի Էդվարդ և Ժանեթ, ապրում ու գործում եք հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին ու մեր Սուրբ Եկեղեցուն ծառայելու ազնիվ նվիրումով ու նախանձախնդրությամբ:

Մենք բարձրորեն գնահատում ենք հավատավոր ամոլիդ երկարամյա ազգօգուտ վաստակը:  Դուք բարեսիրական բազմաթիվ ծրագրեր եք իրականացրել մեր երկրում, օժանդակել Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող կարիքավոր հայորդիներին: Ձեր բարեգործությունների արգասիքները հույս ու լավատեսություն են պարգևում դժվարությունների մեջ ապրող մեր ժողովրդի զավակներին:

Նախանձախնդիր նույն ոգով Դուք դրսևորել եք նաև Ձեր որդիական սերն ու նվիրումը հանդեպ Սուրբ Էջմիածինը՝ հոգևոր նվիրական կենտրոնը աշխարհասփյուռ հայության: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ Դուք սիրով ստանձնեցիք նաև Սուրբ Էջմիածնի «Երեմյան» միաբանական շենքի նորոգության հովանավորությունը՝ նոր կյանք պարգևելով պատմական կառույցին: Ձեզ պես հավատավոր Մեր զավակների ազնիվ հանձնառություններով պայծառանում է Մայր Աթոռը՝ շարունակելով իր Տիրավանդ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում»:

Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետն այն հանձնեց մեծարյալներին և նրանց կուրծքը զարդարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվո բարձր շքանշանով:

Ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ տիար Էդվարդ Մարտիկյանը: Վերջինս, ուրախություն հայտնելով Հայ Եկեղեցու բարձր պարգևին արժանանալու առիթով, հավաստիացրեց, որ շարունակելու է իր օգտակարությունը բերել Հայրենիքին և զորակցել Հայոց Եկեղեցու առաքելությանը:

Արարողությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ ողջունեց ՀՕՖ տնօրենների խորհրդի տարեկան ժողովի անցկացումը Հայաստանում` անդրադառնալով ՀՕՖ-ի ազգօգուտ և հայրենանպաստ գործունեությանը:

Նորին Սրբությունը վերհիշեց 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո ՀՕՖ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած մարդասիրական զորակցությունը, ինչպես նաև ՀՀ անկախության տարիներին առողջապահության, կրթության և սոցիալական աջակցության ոլորտներում իրականացվող հարյուրավոր ծրագրերն ի նպաստ Հայաստանի ու Արցախի ժողովրդի և ջավախահայության:

Մեծապես կարևորելով թեմերին կից գործող նման կառույցների առաքելությունը, ինչպիսին ՀՕՖ-ն է` իրենց նվիրումի ու հանձնառության համար Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Սրբազանին և ՀՕՖ տնօրենների խորհրդի անդամներին:

Խոսելով մեծարյալների մասին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ անձնապես ճանաչում է Մարտիկյան ընտանիքին և ծանոթ է նրա ազգաշեն ու եկեղեցանվեր գործունեությանը: Վեհափառ Հայրապետը փառք վերառաքեց առ Աստված, որ հայոց ազգն ունի այսպիսի զավակներ, ովքեր իրենց ազնիվ վաստակը ներդնում են ազգային-եկեղեցական կյանքի շինության գործին, այն շաղախում են նաև Հայրենիքի հողի հետ` զանազան ծրագրերով նպաստելով երկրի առաջընթացին: Նորին Սրբությունը նվիրյալ հայորդիներին հորդորեց շարունակել իրենց օրհնյալ առաքելությունն ազգային կյանքում:

Գարեգին Բ Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց Էդվարդ և Ժանեթ Մարտիկյաններին և բոլոր այն բարերար հայորդիներին, ովքեր իրենց վաստակից մասնաբաժին են հանել և շարունակում են հատկացնել ազգային կյանքի զորացման և Հայրենիքի բարօր ու ապահով կյանքի կերտման համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:

Scroll Up