Ջավախքի հերթական աջակցությունը հասնում է Արցախ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Արցախ3-300x225.jpg)
Սեպտեմբեր 17-ին Քառօրյա պատերազմից հետո ինչպես Ջավախքում, այնպես էլ Ջավախքից դուրս ապրող ջավախահայերի շրջանում անցկացվեցին Արցախին աջակցության մասսայական դրամահավաքներ, որոնք շարունակվում են առ այսօր: Մասնավորապես, Ջավախքի Ալաստան գյուղը օրերս մասնակցելով Օժանդակ օգնություն սահմանապահներին նախաձեռնությանը, ուղարկել է գիշերային տեսանելիության հինգ սարքեր: Ավելի վաղ ալաստանցիները ուղարկել էին դիրքերում ձյուն հավաքող ռոտոր: Գիշերային տեսանելիության սարքերը արդեն Արցախում են, իսկ ռոտորը տեղափոխվել է ՀՀ սահմանային դիրքեր:
Դրամահավաքը կազմակերպել էր Պետրոս Կոջոյանը: Նախաձեռնությանը մասնակցել են Մելիքը, Վահանը, Գևորգը, Կարենը, Պետրոսը, Էդգարը, Արան, Արտակը, Արմանը… բոլորի անունները հնարավոր չի նշել, մասնակցել են 58 ալաստանցիներ: Շնորհակալություն բոլոր աջակիցներին եւ մասնակիցներին:
Ներկայացնում ենք մասնակիցների ուղերձը. «Մենք մեծ սիրով ու հավատքով նվիրում ենք այս տեխնիկան մարտական դիրքերում գտնվող մեր քաջարի մարտիկներին, ովքեր անձնուրաց իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր Հայրենիքի պետական սահմանները: Աստված պահապան լինի Հայոց աշխարհի պաշտպան հերոս տղաներին սահմանի ողջ երկայնքով՝ Արցախից մինչև Տավուշ և Երասխ… Մենք Ջավախք աշխարհի սերունդներս` Ալաստան համայնքի երիտասարդներս, որ գտնվում ենք Ռուսաստանի Դաշնությունում, ցանկանում ենք մեր փոքր լուման ներդրած լինել Հայրենիքի պաշտպանության գործում: Մեր նվիրյալ տղաները բավականին աշխատանք կատարեցին այս նախաձեռնության համար, շնորհակալություն Ալաստանցի բոլոր երիտասարդներին և վետերաններին, թվով 58 հոգի մասնակիցներին, ովքեր չհապաղեցին իրենց ներդրումն ունենալ այս հայրենանվեր գործում: Շնորհակալութուն նաև իրենց աշխատանքային ընկերներին: Միշտ պատրաստ ենք մասնակցել մեր Սուրբ Հայրենիքի պաշտպանությանը… Բարի ցանկություններով ու մաղթանքներով՝ Հայրենիքի նվիրյալ Ալաստանցիներ»:
Նյութը՝ Արշակ Զաքարյանի, հատուկ Ջավախք Մեդիայի համար: