ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Ջակարտայում
Սեպտեմբերի 21-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:
Դիվանագիտական ընդունելությանը ներկա էին Ինդոնեզիայի Կոոպերատիվների և փոքր ու միջին ձեռնարկատիրության նախարար Նգուրահ Պուսպայոգան, տարածաշրջանային ներկայացուցիչների Պալատի նախագահի տեղակալ Ֆարուկ Մուհամմեդը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամդուրահման Մուհամմադ Ֆախիրը, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Ինդոնեզիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական, մշակութային և տնտեսական սեկտորի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը ներկայացրեց Հայաստանի անկախության 25 տարիների հիմնական ձեռքբերումները և երկրի հետագա զարգացման ծրագրերը, ինչպես նաև անդրադարձավ հայ-ինդոնեզական հարաբերությունների հեռանկարներին:
Ելույթով հանդես եկավ նաև Կոոպերատիվների և փոքր ու միջին ձեռնարկատիրության նախարար Նգուրահ Պուսպայոգան` ընդգծելով, որ Ինդոնեզիայի կառավարությունը պատրաստակամ է առավել խորացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Ընդունելության ընթացքում ցուցադրվեցին Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող տեսաշարեր, հնչեցին հայ երգահանների ստեղծագործություններ: