Միլանի «Հայ տանը» նշել են ՀՀ անկախության 25-ամյակը

Սեպտեմբերի 21-ին Միլանի «Հայ տանը» (Casa Armena) տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն և համերգ: Միջոցառումը կազմակերպել էր Միլանում Հայաստանի պատվո հյուպատոսությունը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության և տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկան Միլանում Հայաստանի պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, «Հայ տան» նախագահ Մարինա Մավյանը, Միլանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ Բեատրիչե Ուգուչիոնին: Վերջինս Միլանի տեղական իշխանությունների կողմից հայ ժողովրդին և միլանաբնակ հայերին շնորհավորեց Հայաստանի Ազգային տոնի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը քաղաքի զարգացման գործում:

Մասնակիցներին ուղղված իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, շնորհավորելով յուրաքանչյուր հայի համար թանկ ու նվիրական տոնի կապակցությամբ, ներկայացրեց 25 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրված ձեռքբերումները, անդրադարձավ հայ-իտալական բարեկամական հարաբերություններին և Հայաստան-Սփյուռք կապերին: Դեսպան Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ պատմության ընթացքում բազում փորձություններ հաղթահարած հայ ժողովուրդն իր մեծ ներուժով հաղթահարելու է նաև ներկայիս մարտահրավերները` կերտելով ապահով, բարգավաճ ու պայծառ ապագա:

Միջոցառման շրջանակներում իտալական “La Paix” խումբը հանդես եկավ Կոմիտասի և Գուրջիևի ստեղծգործությունների կատարումներով:

Երեկոյին ներկա էին Միլանի քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված հյուպատոսներ:

Scroll Up