ՐԱՖՖԻ ԲԵԿԵՐԵՋՅԱՆ. «Շատ հաճախ մենք չենք լսում մեր սրտի գանգատները… »
Հոկտեմբերի 25-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրված Սրտաբանության եվրակովկասյան 4-րդ համաժողովը:
Գերմանիայից համաժողովին մասնակցում էր սրտաբան Րաֆֆի Բեկերեջյանը, ում հետ և զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը.
– 15 տարի է՝ աշխատում եմ Հայդելբերգի հիվանդանոցում: Սրտի փականների վիրահատություններ եմ կատարում: Սրտաբանության ոլորտում հատկապես այս տեսակ վիրահատություններն են ինձ համար շատ կարևոր:
Ուրախ եմ, որ չլինելով գերմանացի, Գերմանիայում կարողացել եմ հաջողել իմ գործում:
Այս ամենը կախված է նրանից, թե տվյալ հաստատության տնօրենն այդ ամենին ինչպես է նայում:
Մեր հիվանդանոցի ղեկավարը կարևորում է լավ մասնագետ լինելը, այլ ոչ թե ազգային պատկանելությունը: Այդ է պատճառը, որ ինձ հաջողվել է հասնել նման հաջողությունների:
– Պարո´ն Բեկերեջյան, հետաքրքիր է՝ որտեղի՞ց են Ձեր արմատները:
– Ծնվել եմ Դամասկոսում: Երկու տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Գերմանիա, որտեղ և ստացել եմ մասնագիտական կրթությունս:
– Ձեր ընտանիքում բժիշկներ կա՞ն:
– Ծնողներս բժիշկներ են: Հայրս Սիրիայից է, մայրս՝ Եթովպիայից: Երկուսն էլ ուսանել են Երևանի բժշկական համալսարանում, որտեղ և ծանոթացել են ու ընտանիք կազմել:
– Համաժողովին առաջին անգա՞մ եք մասնակցում:
– Ոչ միայն համաժողովին եմ առաջին անգամ մասնակցում, այլև Հայաստանում եմ առաջին անգամ:
Ինձ համար շատ գեղեցիկ առիթ է այստեղ գտնվելը և Հայաստանը տեսնելը:
Կարևորն առաջին քայլն է: Նաև լավ առիթ է, որ նորից գամ, այս անգամ՝ փոքրիկներիս, ընտանիքիս հետ, որ նրանք էլ հնարավորություն ունենան Հայասատանը տեսնել ու այդ ձևով քիչ մը բացվել:
– Ծանոթ հայ բժիշկներ ունե՞ք:
– Ցավոք, շատ ծանոթություններ չունեմ: Այնտեղ, որտեղ ես եմ ապրում, հայեր գրեթե չկան:
Միայն ճանաչում եմ ֆրանսահայ սրտաբան Ալեք Վահանյանին, ով ևս մասնակցում է համաժողովին: Եվ նրա շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ:
Այս համաժողովը տարբեր երկրներում ապրող հայ բժիշկների հետ ծանոթություններ հասատատելու լավ առիթ է:
– Պարո´ն Բեկերեջյան, տարեցտարի սրտաբանության ոլորտում նոր մեթոդներ են կիրառվում, բայց, ցավոք, սիրտ-անոթային հիվանդություններից մահացության դեպքերը շարունակում են աճել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճռաը:
– Ընդունված կարծիք է, որ ինչքան զարգացած է երկիրը, այնքան տարածված են սրտի խնդիրները: Հետաքրքիր է, որ անգամ ծերության ժամանակ մարդիկ ավելի հաճախ մահանում են սրտի հետ կապված խնդիրներից, այլ ոչ թե ուրիշ հիվանդություններից: Սրանք հարցեր են, որոնց մի փոքր դժվար է պատասխանել:
– Որպես բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք առողջ սիրտ ունենալու համար:
– Սրտի ամենամեծ թշնամին ծխախոտն է, հատկապես եթե շատ վաղ տարիքում են սկսում ծխել:
Առողջ սիրտ ունենալու համար կարևոր է առողջ ապրելակերպը, սպորտով զբաղվելը:
Իհարկե, առկա է նաև ժառանգականության խնդիրը, որը մարդը փոխել չի կարող:
– Պարո´ն Բեկերեջյան, ի՞նչն է պատճառը, որ մարդիկ շատ հաճախ չեն իմանում, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեն:
– Ինձ համար մի քիչ դժվար է այդ ամենը հայերենով բացատրել, որովհետև շատ նեղ, մասնագիտական հարց է սա:
Երբեմն մարդը չի զգում, որ սրտի խնդիր ունի, բայց իրականում նրա սիրտը 50 տոկոսով «հիվանդ» է: 50 տոկոսը շատ արագ, հնարավոր է՝ անգամ մեկ օրում, դառնում է 100 տոկոս, ինչը և ինֆարկտի պատճառ է դառնում, և մարդը մահանում է:
Բայց պետք է նշեմ, որ նման դեպքեր շատ քիչ են պատահում: Պարզապես շատ հաճախ մենք չենք լսում մեր սրտի գանգատները:
– Դուք ասացիք, որ հաջորդ անգամ կցանկանաք Հայաստան այցելել ձեր ընտանիքի հետ: Զրույցի վերջում մի փոքր կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:
– Երկու տղա ունեմ: Կինս գերմանացի է, բայց ես երեխաներիս հետ հայերեն եմ խոսում, և նրանք էլ բավականին լավ տիրապետում են լեզվին: Անշուշտ, դյուրին չէ, հատկապես երբ մարդ ապրում է օտար երկրում, ու շուրջը բարեկամներ, հայեր չկան:
Երեխաներս միայն ծնողներիս հետ են կարողանում հայերեն խոսել: Բայց փորձում եմ, ինչքան որ հնարավոր է, նրանց մեջ հայությունը պահել:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը