«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի և Արցախի արտադրական հզորությունները
Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Արտադրված է Հայաստանում-2016» («Made in Armenia-2016») ցուցահանդեսը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը, ցուցահանդեսին Հայաստանից և Արցախից կմասնակցի ավելի քան 320 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և ՏՏ ոլորտներից։
«Մենք հասել ենք հաջողության այն առումով, որ բավականին մեծ մասնակցություն ենք և հետաքրքրություն ենք ստեղծել ցուցահանդեսի նկատմամբ: Նաև ունենք մեծ հետաքրքրություն արտերկրից, ցուցահանդեսին մասնակցությունը հաստատել են Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող շուկաներից, բացի այդ, գործարարներ, պատվիրակություններ են գալու այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, արաբական մի շարք երկրներ»,- panorama.am-ի փոխանցմամաբ՝ ասաց Կարէն Մկրտիչեանը:
Նրա խոսքերով՝ այս ցուցահանդեսը վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի արտադրության արդյունքների ու ներուժի յուրօրինակ հաշվետվություն է:
«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաև գործարար կապերի հաստատման, ներդրումային ծրագրեր կազմելու, համատեղ ընկերությունների ստեղծման, տեղական արտադրողների ու օտարերկրյա ներդրողների, դիստրիբյուտորների միջև համագործակցություն սկսելու համար»,- ասաց նա:
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նաև «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը, որտեղ կքննարկվեն ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներից։ Համաժողովին կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից և Իրանից։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության առկա ներուժը, գործարարությամբ զբաղվելու առավելությունները և խթանել ներդրումներ