Հայկական մշակույթի փառատոն Ղազախստանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Koksetav.jpg)
Ղազախստանի Ակմոլինսկի մարզի Կոկշետաու քաղաքում կազմակերպվել է Հայկական մշակույթի մեծ փառատոն, որին մասնակցում էին Ղազախստանի 5 մարզերի հայկական մշակութային կենտրոնների, Ղազախստանի ազգային փոքրամասնությունների մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ղազախստանի հայ համայնքից:
Պատվավոր հյուրերի թվում էին Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը և Ակմոլինսկի մարզի տեղական իշխանության ներկայացուցիչներ։ Միջոցառումը նվիրված էր Ղազախստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Փառատոնի ծրագիրը հարուստ էր և բովանդակալից։ Կազմակերպիչները՝ Կոկշետաուի «Բարի» հայկական ազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչները, Նորիկ Մահլամյանի գլխավորությամբ կազմել էին հետաքրքիր ու բովանդակալից մի ծրագիր, որը ներառում էր ճանաչողական էքսկուրսիաներ, ժողովրդական ավանդությունների, ազգային մշակույթի, սովորությունների, ավանդույթների, խոհանոցի ներկայացում, և, իհարկե, ուրախ ժամանց։ Ներկայացվեց նաև հայկական տարազն իր ողջ գեղեցկությամբ:
Փառատոնի մասնակիցները ցանկություն հայտնեցին նման տոները դարձնել ավանդական: Չէ՞ որ այսօր Ղազախստանում ապրում է շուրջ 42 հազար հայ, որից 3 հազարը՝ միայն Ակմոլինսկի մարզում: Իսկ ինչո՞ւ եկող տարի նրանք էլ չմասնակցեն այսօրինակ տոնի։