Վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի Բրյուսել

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
Այցի շրջանակում նախատեսվում է պայմանագրի ստորագրում Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» («Global medical solutions») փակ բաժնետիրական ընկերության միջև:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք:
http://www.gov.am/