Ստորագրահավաք Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերականգնելու պահանջով
Հանրագիր-պահանջների միջազգային Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օգոստոսի 16-ին կայացած եզրափակիչում սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին հանիրավի պարտություն գրանցելու արդյունքում կորցրած ոսկե մեդալը վերականգնելու պահանջով:
Կայքում տեղադրված խնդրագիրն այս պահի դրությամբ արդեն ունի 26 908-ից ավելի ստորագրություն: Նախաձեռնությամբ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին կոչ է արվում վերականգնել արդարությունը:
«Սպորտում գրանցված ցանկացած անարդարություն ստվեր է նետում Օլիմպիական խաղերի վրա: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պետք է միանան այս խնդրագրին և միջոցներ ձեռնարկեն արդարությունը վերականգնելու ուղղությամբ: Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում` սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ, հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով: Դա խայտառակություն է հունահռոմեական ըմբշամարտի համար։ Ողջ աշխարհը դարձավ այն փաստի վկան, թե, իրականում, ով է չեմպիոնը», – «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ նշվում է խնդրագրում:
Հարգելի հայրենակիցներ, հանրագիր-պահանջին կարող եք միանալ հետևյալ հղումով change.org