«Թո՛ղ միշտ ամուր լինեն Հայրենիք- Սփյուռք համագործակցության միասնության կամուրջները». Գարիկ Հովհաննիսյան

«Արի տուն-2016»-ի մի քանի փուլեր առանձնահատուկ դարձան «ԱՐՕՐ» մշակութային կենտրոնի հիմնադիր, Վարազդատ Համբարձումյանի «Խաչքարարվեստի դպրոց»-ի ներկայացուցիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից անցկացվող քանդակի դասերի շնորհիվ: ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության կազմակերպած այս յուրօրինակ  դասընթացը  սփյուռքահայ երեխաների ճամբարային առօրյան դարձրեց առավել հետաքրքիր. նրանցից շատերն առաջին անգամ էին  լսում խաչքարի ստեղծման պատմության, խաչքարագործ հայ վարպետների մասին և առաջին անգամ էին իրենց ձեռքն առնում քանդակելու, փորագրելու համար նախատեսված գործիքները:  ճամբարային  օրերի 7-րդ փուլի մասնակիցների համար  օգոստոսի 11-ը մշակութային միջոցառման հիշարժան օր դարձավ  ոչ միայն գծանկարների, փորագրության դասերով, այլև՝ իրենց ստեղծած առաջին փոքրիկ  աշխատանքների ցուցադրությամբ, իսկ երեկոյան՝ խաչքարի ստեղծման մասին ֆիլմի դիտումով:

«Շատ ուրախ եմ, որ իմ ծրագիրն աշխատում է, որ աշխարհի տարբեր ծայրերից Հայրենիքում գտնվող պատանիներն ու աղջիկները ծանոթանում են ոչ միայն Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, այլև՝ մեր  բացառիկ  հոգևոր արժեքներից մեկին՝ խաչքարարվեստին: Կարծում եմ, որ սա էլ հայապահպանության մի ճանապարհ է: Հայ խաչքարագործ վարպետների՝ ասես անձեռակերտ  աշխատանքներն այնքա՜ն բան  կարող են պատմել հայերի ու Հայաստան աշխարհի մասին. համոզված եմ, որ մեր հոգևոր արժեքներին, մեր մշակույթին ու արվեստին ծանոթացող  յուրաքանչյուր հայորդի, աշխարհի որ ծայրում էլ, որ ապրելիս լինի, մի օր անպայման  գնալու է դեպի իր արմատները: Ինձ ամենից շատ ուրախացնում է այն փաստը, որ  սփյուռքահայ երեխաներիրց շատերն արդեն ցանկություն են հայտնել սովորելու  այդ արվեստը, ես խոստացել եմ  խաչքարի, հայկական զարդանախշերի  մասին գրքեր, տեսաերզներ ուղարկել նրանց: Երեխաներն այդ օրը գծանկարներ արեցին, քանդակներ. այնքա՜ն ոգևորված էին աշխատում, որ նրանց աշխատանքից կտրել հնարավոր չէր:  Ծրագրում ընդգրկված մանրանկարչության, զարդատառերի և զարդանախշերի մասին տեղեկություններ ստանալուց հետո երեխաներին թղթեր բաժանեցի, որոնց վրա նրանք սկսեցին նկարել զարդանախշեր, հայկական տառատեսակներ. անգամ այն երեխաները, ովքեր հայերեն գրել-կարդալ չգիտեին, այնքա՜ն  լավ էին նկարում: Այս նախաձեռնությունը  դարձավ  խոր և շարունակական ընթացք  պահանջող մի հետաքրքիր նորություն «Արի տուն» ծրագրի շրջանակներում: Երեկոյան ցուցադրեցի իմ հիմնադրած «ԱՐՕՐ» մշակութային կենտրոնի հեղինակային՝ «100 տարվա հիշողություն» խաչքարի  ստեղծման մասին պատմող  վավերագրական ֆիլմը, որը ես նկարել եմ ուսումնական  ծրագրերի համար, ֆիլմի  օպերատորն իմ լավ ընկեր Սասուն Մելիքյանն է: ֆիլմն  առաջին  անգամ ցուցադրվել է Սիդնեյում: Ճամբարային ցուցադրության  ընթացքում  եղան մեկնաբանություններ, երեխաների կողմից  հարցեր հնչեցին: ֆիլմը նկարել եմ 2015-ին՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով. երեխաներն անչափ տպավորված էին. գուցե նրանց շարքերու՞մ են ապագայի  տաղանդավոր  խաչքարագործ վարպետները:  Խաչքարերի, նախշազարդերի թեման  միջոց դարձավ՝  մեր օրերից հասնելու մինչև Մովսես Խորենացի, մինչև Նարեկացի…Ցանկալի է, որ այս ծրագիրը շարունակական լինի, որովհետև այն տվեց դրական  արդյունք. ես տեսա այն, ինչին  սպասում էի: Երեխաներից շատերը, համոզված եմ, կդառնան վարպետներ և հայկական խաչքարարվեստը կտարածեն ողջ աշխարհում: Ողջունում եմ ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպան բոլոր ծրագրերը, որոնք Հայրենիք-Սփյուռք  համագործակցության մի  կարևոր կամուրջ են. այդ կամուրջները թո՛ղ միշտ ամուր լինեն, դրանք  միասնությա՛ն կամուրջներ են»,- այսպիսի վերջաբանով ավարտվեց Գարիկ Հովհաննիսյանի հետ «Հայերն այսօր» համար արված իմ  հարցազրույցը:

Կարինե Ավագյան

խաչքարխաչքար1խաչքար5խաչքար4խաչքար3խաչքար2խաչքար6խաչքար7խաչքար8խաչքար9խաչքար10խաչքար11խաչքար12խաչքար13

Scroll Up