Թալիշցի 20 ընտանիք արդեն տեղափոխվել են Ալաշան. գյուղապետ

Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում հուլիսի 25-ից սկսվել է թալիշցիների բնակեցման գործընթացը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը: Նա նշել է, որ արդեն  20 ընտանիք, որոնք ժամանակավորապես բնակություն էին հաստատաել Ստեփանակերտում եւ Հայաստանի տարբեր բնակավայրերում,  տեղափոխվել են Ալաշան:

Գյուղապետը նշել է, որ առողջարանային գյուղում գտնվող շուրջ 27 տների վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը եւս 7 ընտանիք կտեղափոխվի Ալաշան.

«Նախագահ Սահակյանն եկել էր, բնակության վայրի հետ կապված խնդիրներ քննարկվեցին, Ալաշանում գտնվող թալիշցիները տեղեկացրին, որ ուզում են մշտապես այստեղ մնալ, չեն ուզում տեղափոխվել Քոլատակ, որպեսզի համախմբված մի վայրում լինենք»,-ասել է գյուղապետը:

Նա նշել է, որ երեխաների դպրոցի խնդիրը եւս լուծվում է. հնարավոր է, որ սեպտեմբերի 1-ից Ալաշանում նախկին հոսպիտալի շենքում դպրոց բացվի:

«Դասերը կարող են անցկացվել նախկին հոսպիտալի շենքում, այսօրվա դրությամբ 14 դպրոցահասակ երեխաներ կան այստեղ: Տեսնենք ոնց կընթանա գործընթացը»,-ասել է նա:

Անդրադառնալով Թալիշում տիրող իրավիճակին, գյուղապետը նշել է, որ գյուղում իրավիճակը նույնն է, այնտեղ գյուղացիների բնակեցման համար իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր: Նարա խոսքով՝ Կարմիր խաչի միջնորդությամբ վերջերս կարողացել են հնձել գյուղացիներին պատկանող խոտի մի մասը. «Մի 70 հեկտար մնաց, որ չկարողացանք հնձել՝ կեսը վառվել էր, մի մասն էլ վտանգավոր գոտում էր»:

Scroll Up