Կյանքից հեռացավ մեր գործընկեր Նվեր Նալբանդյանը
ՀՀ սփյուռքի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 56 տարեկանում կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյանը:
Նախարարության ղեկավարությունը և ողջ անձնակազմը սգում են սիրելի աշխատակցուհու, հրաշալի մարդու, ընկերոջ մահը և այս ծանր պահին վշտակցում նրա ընտանիքին և հարազատներին:
Նվերը ոչ միայն լավ մարդ էր, այլև իր գործին տիրապետող գիտակ մասնագետ: Նա իր մարդկային բարձր հատկանիշների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:
Ակտիվ լրագրողի, փորձառու դասախոսի, բարեխիղճ քաղաքացիական ծառայողի, հարազատ մարդու պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր և նրան ճանաչողների սրտերում:
Թող լույսերի մեջ փառավորվի մեր սիրելի Նվերի հոգին, թող Տիրոջ Աջը հովանի լինի նրա ընտանիքին:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
Նվեր Նալբանդյանի հոգեհանգիստը կկայանա 2016 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ին, Դավիթ Բեկի 104/6 հասցեում գտնվող սգո սրահում, իսկ հուղարկավորությունը` օգոստոսի 10-ին ժամը 13:00-ին նույն հասցեից:
ՀՀ սփյուռքի նախարարություն
***
Նվեր Մովսեսի Նալբանդյան
Ծնվել է 1960 թվականի մարտի 27-ին Երևան քաղաքում:
1967-1977թթ. – սովորել և ավարտել է Երևանի N 6 միջնակարգ դպրոցը:
1978-1984թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որին զուգահեռ`
1978-1991թթ. – աշխատել է «Շախմատային Հայաստան» հանդեսի խմբագրությունում սկզբում՝ քարտուղարուհի, ապա՝ սրբագրիչ, իսկ 1983-1991թթ.` գրական աշխատող:
1996-2001թթ. – սովորել և ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1991-1992թթ. – աշխատել է Հեռուստառադիոպետկոմում որպես թղթակից` արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների ինֆորմացիայի բաժնում,
1992-1993թթ. -աշխատել է Երքաղէլեկտրացանցում որպես ընդհանուր բաժնի պետի տեղակալ,
1993-1997թթ. -աշխատել է «Երևան» գործարանում որպես կադրերի բաժնի պետ,
1993-1997թթ. -աշխատել է «Լրագիր» օրաթերթում որպես լրագրող,
1997-1998թթ. -աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի ինֆորմացիոն անալիտիկ կենտրոնում որպես օպերատոր,
1998թ. – աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես մամուլի քարտուղար,
1998-2003թթ. – աշխատել է ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունում որպես մամուլի քարտուղար և աշխատակազմի կադրերի գծով գլխավոր մասնագետ,
2004-2005թթ. – աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում որպես դասախոս,
1997-2007թթ. – աշխատել է Երևանի «Գալիք» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում որպես դասախոս,
2004-2007թթ. – աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում որպես համակարգող,
2005-2016 թթ աշխատել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում որպես դասախոս:
2007թ. – աշխատել է Հայ-սլավոնական համալսարանում որպես դասախոս,
2008-2009թթ. -աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնում որպես գլխավոր մասնագետ,
2009-2016 թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ:
2010թ. պաշտպանել է ատենախոսություն՝ «Լրագրողի աշխատանքն արտակարգ իրավիճակներում (ըստ ՀՀ և ՌԴ պատերազմական և ահաբեկչական իրողությունների)» թեմայով:
Հեղինակ է «Լրագրության էթիկայի շուրջ», «Լրագրության մեջ բարոյաիրավական պատասխանատվության հիմնահարցեր», «Արտակարգ իրավիճակներում լրագրողական աշխատանքի իրավական կարգավորման շուրջ», «Լրագրողն արտակարգ իրավիճակներում», «Լրագրողը թեժ կետերում», «Տիպական բացթողումներ» գիտական հոդվածների` տպագրված, համապատասխանաբար, ՀՀ ԳԱԱ-ի «Լրաբեր», «Կանթեղ», «Գիտություն և տեխնիկա», «Առողջապահություն» գիտական հանդեսներում:
2013թ.-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով: