Այսօրվա սերունդը վաղվա զինվորն է. Շուշիում մեկնարկել է սկաուտական բանակումը

Հուլիսի 25-ից Արցախի «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Շուշիում մեկնարկել է «Այսօրվա սերունդը վաղվա զինվորն է» խորագրով «Հայորդիներ» սկաուտական 7-րդ ամենամյա բանակումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայկի սերունդ» ՀԿ արտաքին կապերի պատասխանատու Երվանդ Հաջյանը նշել է, որ Արցախի տարբեր բնակավայրերից պատանիների ու երիտասարդների ընդգրկմամբ սկաուտական ճամբարը կազմակերպվում է 2010 թվականից:
«Այս տարի նախատեսում ենք երկու հերթափոխով ճամբար: Սա մեր առաջինն հերթափոխն է՝ 150 մասնակցի ընդգրկմամբ և տասնօրյա տևողությամբ: Ճամբարականներ ունենք Արցախի բոլոր շրջաններից, Ստեփանակերտից և Հայաստանից:Բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար մեր ճամբարին մասնակից ենք անում նաև զինվորների»,- մանրամասնել է Ե. Հաջյանը:
Խոսելով ճամբարի առօրյայի մասին՝ Ե. Հաջյանը տեղեկացրել է, որ ճամբարում երեխաների համար կազմակերպվում են ինտելեկտուալ խաղեր, սկաուտական, հայրենասիրական դասընթացներ, Արցախյան գոյամարտի և ազգային հերոսների կյանքի ու գործունեության վերաբերյալ:
«Բանակումի մասնակիցները բաժանվել են 7 խմբի, որոնցից յուրաքանչյուրը կրում է ապրիլյան պատերազմի և մինչ այդ առաջնագծում նահատակված զինծառայողների անուններ` Արմենակ Որֆանյան, Քյարամ Սլոյան, Ազատ Ասոյան, Նորայր Հաջյան, Ադամ Սահակյան, Ռոբերտ Աբաջանյան և Սասուն Մկրտչյան»,- ընգծել է «Հայկի սերունդ» ՀԿ արտաքին կապերի պատասխանատուն և ավելացրել, որ կազմակերպվում են նաև սպորտային և մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, որոնք դաստիարակչական և կրթական նպատակներ ունեն: Ճամբարականների համար ապահովվում է օրական չորսանգամյա սնունդ:
«Նմանատիպ ճամբարի կազմակերպումը հայ երիտասարդներին համախմբելու, հայրենասիրական ու ազգային գաղափարներ սերմանելու նպատակ ունի, ինչպես նաև խթանել սկաուտական շարժման զարգացումը և տարածումը Արցախում»,- ասել է Ե. Հաջյանը և հավելել, որ ճամբարի 2 հերթափոխին ընդհանուր առմամբ մասնակցելու են 300 պատանի ու երիտասարդ:
Ինչպես հայտնել է Ե. Հաջյանը, ծրագրի համաձայն, մասնակիցները կայցելեն Շուշիի պատմամշակութային հուշարձաններ, «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոց, թանգարաններ ու տեսարժան վայրեր: