Շուշիում կազմակերպվող ասմունքի փառատոնը յուրատեսակ խորհուրդ ունի. Հրանուշ Հակոբյան
«Հայերն այսօրը» ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը` ուղղված ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնի մասնակիցներին.
Սիրելի´հայրենակիցներ,
Ասմունքի համահայկական փառատոնի սիրելի´ մասնակիցներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ և շնորհավորում Ասմունքի համահայկական հինգերորդ փառատոնին մասնակցելու առիթով, որն այս տարի նվիրված է ՀՀ և ԼՂՀ 25-ամյա հոբելյաններին:
25 տարի շարունակ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, ձեռք ձեռքի տված, կառուցում, շենացնում են իրենց Հայրենիքը, ստեղծում ամուր և հզոր պետականություն, պայքարում՝ հանուն խաղաղ, լուսավոր, գեղեցիկ ապագայի:
Հատկապես այս օրերին, երբ սահմանում իրադրությունը շարունակում է լարված մնալ, Շուշիում կազմակերպվող ասմունքի փառատոնը յուրատեսակ խորհուրդ է ձեռք բերում: Մենք ոգու ժողովուրդ ենք, և այդ ոգեղենության կրողն է ձեզանից յուրաքանչյուրը: Ձեր ներկայությունն այդտեղ ապացուցում է, որ ցանկացած իրադրության մեջ հայ ժողովուրդն իր երակներում ապրելու և արարելու ուժ է գտնում ու նույնը սերմանում է իր զավակների մեջ:
Փառատոնը նաև հիանալի հնարավորություն է բոլորիդ համար՝ հավաքվելու մեկ հարկի ներքո: Եվ չնայած նրան, որ դուք մշակութային տարբեր միջավայրերից եք գալիս, այս պահին մեկ հավաքականություն եք ու պիտի հնչեցնեք հայ բառն ու բանը, հայրենասիրական պատգամներ փոխանցեք իրար ու վերադառնաք ձեր բնակության երկրները՝ զորացած, էլ ավելի հայացած:
Ուզում եմ հավատալ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր գործով, իր նվիրումով, իր բարեկրթությամբ պիտի նպաստի Հայրենիքի զորացմանը, պիտի փորձի ծառայել Հայկական աշխարհն էլ ավելի գեղեցիկ, ապահով դարձնելու սրբազան գործին:
Բարձր եմ գնահատում Ասմունքի փառատոնի բոլոր կազմակերպիչների, փառատոնի շուրջը համախմբված մտավորականների ջանքերը, որի արդյունքում այսօր մենք հնարավորություն ունենք հպարտանալու մեր երեխաների ու երիտասարդների տաղանդով:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այսպիսով հերթական գեղեցիկ էջն է ամրագրում:
Փառատոնին մաղթում եմ բարի երթ, ձեզ՝ հաջողություն, իսկ մեր Հայրենիքին՝ խաղաղություն ու հզորություն:
ՀՀ սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյան