Դպրոցի առօրյան ունի ինքնատիպ հագեցվածություն` ազգային ու հոգևոր պատգամով. Հովհաննես Սրկ. Գումրույան

Վերամուտին ընդառաջ` «Հայերն այսօրը» ներկայացնում է «Նոր Օրի» հարցազրույցը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանի տնօրեն Բրշ. Հովհաննես Սրկ. Գումրույանի հետ:

Հ.Գ

– Բարեշնորհ Հովհաննես Սարկավագ Գումրույան, հաճեցե’ք ներկայացնել Ձեր կենսագրականը.  ուսումը, աշխատանքային  գործունեությունը և ընտանիքը:

– Ծնվել եմ  Հայաստանում, Վանաձոր (Կիրովական) քաղաքում, մտավորականի ընտանիքում:  Սովորել եմ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում, որից հետո բանասիրական որակավորումս ստացել եմ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Վանաձորի Ս․ Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջում` որպես դասախոս: Աշխատել եմ Վանաձորի Գերմանական կենտրոնում, «ԳՆՊ» բարեգործական հիմնադրամում, ավելի ուշ՝ դասախոսել եմ նաև Երևանի Հայ Կաթողիկե Առաջնորդարանում:

 2010 թ-ից ղեկավարում եմ Առաջնորդարանի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, հայերեն և հայոց պատմություն եմ դասավանդում ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում: Որպես Հայ Առաքելական Ս․ Եկեղեցու սարկավագ` իմ ծառայությունն եմ բերում Արևմտյան թեմում` մասնավորապես Հոլիվուդի Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցում: Ամուսնացած եմ, ունեմ երկու հրաշալի՜ բալիկ:

– Ներկայացրե´ք խնդրեմ, Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանն ու նրա ուսումնական  առօրյան:

– Դպրոցը հիմնադրվել է 2000թ-ին` Բլիկյան ընտանիքի ազնիվ մտահղացմամբ:

 2010թ.-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի օրհնությամբ՝ վերակազմավորվել  և շարունակել է գործել Առաջնորդանիստ Ս․ Ղեւոնդյանց Մայր տաճարի հովանու ներքո:

Դպրոցի առօրյան ունի ինքնատիպ հագեցվածություն.  սկսվում է առավոտյան ժամը 9:30-ին` ազգային ու հոգևոր պատգամով, ապա շարունակվում դասարաններում, մինչեւ  ժամը` 12:00: Դասընթացներն անց են կացվում Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերով: Կրթօջախում մշտապես տեղի են ունենում հանդեսներ, մշակութային, ազգային ձեռնարկներ ու հանդիպումներ: Դպրոցն ունի  իր երգչախումբը:

– Ինչպե՞ս են բաժնվում դասարանները և որքա՞ն է ուսման  տևողությունը:

– Կրթօջախում սովորում են 6-14 տարեկան  շուրջ 200 աշակերտ:

Վեց դասարանների բաժանված արևելահայերենի ծրագիրն  իր մեջ ամփոփում է այբուբենի դասավանդումից մինչեւ հայոց գրականության, պատմության, մշակույթի ու երաժշտության նյութերի դասավանդում, որը հիմնված է Կալիֆորնիայի  կողմից սահմանված լեզուների ուսուցման հիմնական չափանիշների վրա (Common Core State Standards):

Ուսումնական տարվա տևողությունը 10 ամիս է․ մեկնարկում է օգոստոսին և ավարտվում` մայիսին: Դասարանների բաշխումը կատարվում է ըստ լեզվական իմացության:

– Ավարտական դասարաններ կա՞ն: Վկայականները վավերացվա՞ ծ են պատկան  մարմինների  կողմից:

– «Փոքրիկ հրեշտակների» ավարտական դասարանի սաները ստանում են վկայականներ, որոնք ճանաչվում են` որպես երկրորդ օտար լեզվի վկայագիր` պետական քոլեջների կողմից: Բացի այդ, համագործակցում ենք ՀՀ Գիտության և կրթության, ինչպես նաև՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունների հետ:

2015թ․-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված Համահայկական մրցույթի ընթացքում դպրոցը ճանաչվել է` որպես Սփյուռքի լավագույն շաբաթօրյա վարժարան և արժանացել գլխավոր մրցանակի և առաջին կարգի դիպլոմի:

-Ուսուցչական կազմի ընտրությունը ինչպե՞ս եք կատարեք: Վերապատրաստում կամ վերաորակավորում  նախաձեռնո՞ւմ եք:

– Վարժարանում դասավանդում են բացառապես համապատասխան կրթություն ունեցող բանիմաց մանկավարժներ, որոնք ունեն հարուստ փորձառություն և մշտապես մասնակցում են Առաջնորդարանի  կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:

– Եր՞բ են սկսվում դպրոցի աշխատանքները:

– Նոր աշակերտների ընդունելությունը  սկսվում է հուլիս 15-ից մինչև օգոստոսի 15-ը: Դասերը մեկնարկում են օգոստոսի 20-ից: Ցանկացողները կարող են դիմել Առաջնորդարան:

– Այսօրվա  հասարակության ապրելակերպը և մտածելակերպը մեծ փոփոխությունների է ենթարկվում: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ քայլեր պետք է մշակվեն նոր սերնդին ազգային  կյանքին շաղկապված պահելու համար:

-Մայրենիի, հայ ինքնության ու հավատքի պահպանման երաշխավորը դարեր շարունակ եղել և մնում է Հայոց Մայր եկեղեցին: Այն բոլորը քայլերը, որոնք մեզ շեղում են այս սուրբ ճանապարհից՝ դատապարտված են ձուլման և ուծացման:

Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ձեզ հաճելի զրույցի համար, ինչպես նաև՝ «Նոր Օրի» ողջ անձնակազմին ու ընթերցողներին: Մաղթում եմ, որ Էջմիածնից տարածվող օրհնությունն ու Օշականից ճառագող լույսը մշտապես առաջնորդի մեզնից յուրաքանչյուրին:

– Շնորհակալություն Հովհաննես սարկավագ, որ ընդառաջեցիք մեր հրավերին: Հաջողություն եմ մաղթում Ձեր ծրագրերին և «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանին: Դպրոցին հասցեն է` 3325 N. Glenoaks Blvd., Burbank, CA 91504:

Հարցազրույցը վարեց`

ՍԵՒԱՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Հ Գ

Scroll Up