Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/16-Piotrovski-2.jpg)
Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկուն:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն Իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց տիար Պիոտրովսկուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև ձևավորված սերտ համագործակցության համար` մասնավորապես գնահատանք հայտնելով Էրմիտաժի տնօրենին` Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման և պահպանման գործում Մայր Աթոռին ցուցաբերվող մեծ աջակցության և մասնագիտական խորհրդատվության համար:
Այնուհետև տիար Միխայիլ Պիոտրովսկին Նորին Սրբությանը ներկայացրեց առաջիկայում Էրմիտաժում Մայր Աթոռի թանգարանների հետ համատեղ կազմակերպվելիք Հայ Եկեղեցու եկեղեցական վարագույրների և խույրերի ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:
Զրույցի ընթացքին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարությանը հայ հոգևոր սրբազան արժեքների հավաքագրման ու պահպանության գործում, ինչպես նաև թանգարանային ցուցադրությունների ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպումից հետո Գարեգին Բ Վեհափառն ու տիար Պիոտրովսկին այցելեցին «Ռուբեն Սևակ» նորաբաց թանգարան, ինչպես նաև «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան,- հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունից: