Ղարաբաղի հարցով համաձայնության դեպքում երաշխիքներ են պետք. ԱՄՆ կոնգրեսական
Միացյալ Նահանգները պետք է կատարի իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Այս մասին, ըստ Artsakhpress-ի, հուլիսի 20-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան:
«Եվ անկախ այ հանգամանքից, հնարավո՞ր է համաձայնության հասնել, Հայաստանին խաղաղ գործընկեր է հարկավոր, որի հետ կարելի է խաղաղ հարաբերություններ պահպանել»,- ընդգծել է Ջիմ Կոստան:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն պետք է ավելին անի Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման առումով: «Իրականում ես հավատում եմ, որ պետքարտուղար Ջոն Քերրին շատ կցանկանար լուծել Արցախի հիմնախնդիրը: Բայց հարցականի տակ է Ռուսաստանը: Համաձայնության հասնելու դեպքում անհրաժեշտ են երաշխիքներ, որ Ադրբեջանը կհետեւի համաձայնագրին: Եվ ինձ ու, թերեւս, ձեզանից շատերի համար հարցական է, կարելի՞ է, արդյոք, վստահել Ադրբեջանին եւ Ռուսաստանին՝ համաձայնագրին հետեւելու տեսանկյունից»,- հավելել է Ջիմ Կոստան:
News.am-ի հաղորդմամբ՝ ուսանողներից մեկի հարցին, կցանկանա՞ր այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կոնգրեսականը պատասխանել է. «Այո՛, կցանկանայի այնտեղ լինել: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի գեղեցկությունը վայելելու, այլ ավելի կառուցողական լինելու համար»: