Միլարդ Ֆուլերի «Հիշատակի Կառույցը» Վանաձորում բնակարաններ է կառուցում վագոն տնակում բնակվող12 ընտանիքի համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/1113.jpg)
Վանաձորի Տարոն 3 թաղամասում մեկնարկել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» կազմակերպությունների հիմնադիր Միլարդ Ֆուլերին նվիրված «Հիշատակի Կառույցը»: Միջազգային ամենամյա շինարարական աշխատանքների մեկ շաբաթ տևող միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել յուրաքանչյուր ընտանիքի պարզ, հարմարավետ և մատչելի բնակարան ունենալու իրավունքի վրա: Այս մասին հայտնում են կազմակերպությունների մամուլի ծառայությունից:
Ավելի քան 60 տեղական և միջազգային կամավորներ մեկ շաբաթ շարունակ իրենց լուման կունենան վագոն տնակներում բնակվող 12 ընտանիքի համար նախատեսված բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներին և ավարտին կհասցնեն այն:
Միջոցառման բացման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը, միջազգային «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավար կազմը՝ կազմակերպության նախագահ Դեվիդ Սնելի գլխավորությամբ, Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը, միջազգային կամավորական թիմեր՝ Լեո և Սոնա Մանուելյանների առաջնորդությամբ, Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ամենախոշոր նվիրատու և գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը, հյուրեր:
«Այսպիսի մի ասույթ կա. Շատերն են խոսում աղքատության մասին, բայց քչերն են խոսում աղքատների հետ: Միլարդը այն մարդն էր, որը ոչ միայն խոսեց աղքատների հետ, այլև կամուրջ դարձավ նրանց ու հարուստների միջև: Նա ստեղծեց հանճարեղ մի գաղափարախոսություն, որը շատ կարճ ժամանակում պարարտ հող գտավ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում և ծիլեր արձակեց Հայաստանում: Այսօր մենք պատիվ ունենք «Հիշատակի Կառույցը» այստեղ անցկացնելու: Միջոցառումը, որի ականատեսն ու մասնակիցն ենք այսօր, հերթական անգամ ապացուցում է, որ մարդկությունը մի մեծ ընտանիք է, որ մարդասիրական գաղափարների համար չկան սահմաններ և, որ բարի հիշատակը միշտ կառուցողական է»,-ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Պատահական չի եղել «Հիշատակի Կառույցը» եռակողմ համագործակցության շնորհիվ կառուցվող շինությունում անցկացնելու գաղափարը, քանի որ այս թաղամասը համախմբման և բարի կամքի դրսևորումների վառ օրինակ է:
«Ամեն տարի իրականացվող «Հիշատակի Կառույցը» ոչ միայն Միլարդ Ֆուլերի հիշատակը վառ պահելու, այլև ամբողջ աշխարհում Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի կատարած աշխատանքն ակնառու դարձնելու հրաշալի հնարավորություն է: Առավել նշանակալի է այն փաստը, որ միջոցառումն այս տարի իրականանում է Հայաստանում, ուր միայն վերջերս կառուցվեց կազմակերպության 500-րդ տունը: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ֆուլերական ցանցում առաջատարն է աշխարհում՝ պարզ ու հարմարավետ կացարանը մատչելի դարձնելու աստվածահաճո գործում»,- ասել է միջազգային Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի Նախագահ Դեյվիդ Սնելը:
Դեռ 2008թ-ին «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սթիվ Լազարյանի նախաձեռնությամբ սկսվել է Վանաձորի ոչ աղետի հետևանքով վագոն տնակներում բնակվող ընտանիքներին աջակցելու ծրագիրը: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ-ի և Վանաձորի քաղաքապետարանի եռակողմ համագործակցությամբ նախատեսված էր կառուցել նոր թաղամաս` նոր տներով: Շահագործման հանձնված 55 բնակարանների թիվը շուտով կավելանա ևս 12-ով:
«Միլարդ Ֆուլերին անձնապես չեմ ճանաչել, բայց վստահ եմ, որ երբ նա ծրագրում էր ողջ աշխարհում արդեն իրականություն դարձած տնաշինական իր հրաշալի գաղափարները, վաստահաբար երազում էր այսպիսի համագործակցություն մասին: Համագործակցություն, որը հիմնված է փոխադարձ վստահության և անսահման սիրո վրա: Սեր՝ սեփական երկրի, առավել ևս սեր՝ մեր այն հայրենակիցների նկատմամբ, որոնք դեպքերի բերումով հայտնվել են դժվար կացության մեջ: Այնպես որ, բնակարան ստացող մեր վանաձորցի հայրենակիցների նկատմանբ ցուցաբերվող մեր իրական սերը նաև մեր երախտիքի տուրքն է Միլարդ Ֆուլերի հիշատակին»,-ասել է «ԱՌԴԱ» ԲՀ տնօրեն Հրահատ Ստեփանյանը:
Համատեղ ծրագրի իրականացման հինգերորդ փուլն ավարտին է մոտենում: Այս փուլում որպես նվիրատվություն 65% ներդրում է կատարել «Առդա» բարեգործական հիմնադրամը և 24%՝ Վանաձորի քաղաքապետարանը: «Ֆուլլեր Տնաշինական Կենտրոնը» կատարել է 11% ներդրում՝ երկարաժամկետ, անտոկոս փոխառության կարգով: Ընդհանուր առմամբ ծախսվել է 83.3 միլիոն դրամ:
«1988թ. աղետալի երկրաշարժից հետո Վանաձոր համայնքում ձևավորվեցին տնակային ավաններ, որտեղ բնակություն հաստատեցին անօթևան մնացած ընտանիքներ: Տարիների ընթացքում, տարբեր ծրագրերի օգնությամբ այդ ընտանիքներին բնակարաններ հատկացվեցին, իսկ վագոն տնակները բնակեցվեցին ոչ աղետի հետևանքով անտուն մնացած ընտանիքներով: Այսօր այս ընտանիքներից մի մասի համար հույսի շող է արթնանում: ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի և Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի մարդասիրական վերաբերմունքի և հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ ևս 12 ընտանիք բնակարան կունենա»,- ասել է Վանաձորի քաղաքապետ՝ Սամվել Դարբինյանը:
«Տարիներ ի վեր, պատուհաս դարձած երկաթյա տնակում ապրելուց հետո, իսկական հրաշք է թվում այսօրվա իրականությունը: Թող Աստծո օրհնությունը լինի բոլոր նրանց հետ, ով անհնարինը այսօր հնարավոր է դարձնում մեզ համար»,-արցունքն աչքերին ասել է նորակառույց շենքի ապագա բնակիչներից մեկը:
Բնակարանները կառուցվել են նոր տեխնոլոգիաներով, օգտագործել են փրփրապլաստե բլոկներ ու տեղական շինանյութ: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2016-ի գարնանը: Մեկ շաբաթ անց 12 ընտանիք բարեկարգ բնակարան կունենա, 37 մարդու կյանք անդառնալիորեն կվերափոխվի դեպի լավը: