«Հիացած եմ հայ երիտասարդներով». Արփի Վարդանյան
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը հուլիսի 11-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի համար հանդես եկավ «Հայկական շահերի պաշտպանությունը ԱՄՆ-ում» թեմայով զեկուցումով:
Ամփոփելով հավաքի աշխատանքները` Արփի Վարդանյանը «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային առաջին օրից նկատել է հայ ուսանողների խելացի, կրթված և գործունյա լինելը: Նրանք աչքի են ընկել գրագետ հարցադրումներով, որոնք հիացրել են զեկուցողին:
«Անկասկած, սփյուռքահայ երիտասարդները մտահոգ են և´ իրենց, և´ Հայաստանի ապագայով: Նրանք հետաքրքրվում էին, թե Սփյուռքում ապրելով` ինչպես հզորացնել հայկական համայնքները և նպաստել Հայաստանի զարգացմանը: Ես հիացած եմ հայ երիտասարդներով, նրանց աջակցելու համար պետք է ամեն ջանք գործադրել»,-ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրենը:
Արփի Վարդանյանը ներկայացրեց նաև հայ երիտասարդներին ուղղված Ամերիկայի հայկական համագումարի ծրագրերը. «ԱՄՆ-ում երիտասարդներին վստահեցնելու համար, թե որքան կարևոր է հասարակության մեջ նրանց դերը, 1987 թվականին Վաշինգտոնում սկսեցինք ուսանողական ծրագիր իրականացնել: Նրանց տարբեր աշխատանքների մեջ ներգրավելով` օգնում էինք ձեռք բերել աշխատանքային միջազգային փորձառություն և միմյանց միջև կապեր հաստատել:
Երիտասարդները, ամռանն աշխատելով կոնգրեսականների կամ սենատորների մոտ, հասկանում էին, որ պաշտոնատար անձինք հաշվի են առնում իրենց ձայնը և լսում հնչեցրած տեսակետները»:
Արփի Վարդանյանը հավելեց նաև, որ Ամերիկայի հայկական համագումարը Հայաստանում նույն ռազմավարությամբ առաջին ուսանողական ծրագիրը սկսել է 1999 թվականին: Ծրագրի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդներն ամռանը այցելում են Հայաստան և Արցախ` տեսնելու տեսարժան, պատմամշակութային վայրերը, որից հետո սիրահարվում են երկու պետություններին: Իսկ վերջում արդեն հստակ պատկերացում են կազմում, թե ինչպես ծառայել իրենց Հայրենիքին և հայ ժողովրդին:
Գևորգ Չիչյան