Վերադարձ «Արի Տուն» ծրագրից

Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի Տուն» ծրագրի Ջավախքի մասնակիցների թիմը վերադարձավ Ախալքալաք: Նրանք ևս աչքի են ընկել օրինակելի և ակտիվ մասնակցությամբ: Պարգևատրվել էին շնորհակալագրերով և խրախուսական նվերներով: Լավագույն նվերը նրանց համար եղել էր հիասքանչ մթնոլորտը, որն ապահովել էին «Արի Տուն» ծրագրի կազմակերպիչները և նրանց ընդունող ընտանիքները:

Ախալքալաքում խմբին դիմավորեցին Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորականները: Միասին մասնակցեցին ժամերգությանը և գոհունակություն հայտնեցին Աստծուն բարեհաջող հետդարձի համար: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ողջ հոգևոր դասը՝ ի դեմս հոգեշնորհ Հայր Բաբգէնի, և մասնակից երեխաների շնողները ևս մեկ անգամ իրենց գնահատանքն ու գոհունակությունն են բերում Սփյուռքի նախարարությանը՝ հանձինս սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության աշխատակիցներին այս հրաշալի ծրագրին Ջավախքի պատանիներին և երիտասարդներին ներառելու համար։

Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Scroll Up