«Հայ ուսանողներին ցույց տվեցինք Հայաստանի քսանհինգ տարվա նվաճումները». Էդգար Մանուկյան

«Այսպիսի միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է, քանի որ մեր երիտասարդ սերունդը հնարավորություն է ունենում պատկերավոր տեղեկություն ստանալ իր Հայրենիքի մասին: «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի ընթացքում հայ ուսանողներին ցույց տվեցինք Հայաստանի քսանհինգ տարվա նվաճումները, նրանք հասկացանք, որ պետականություն ենք կառուցել»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը և հավելեց, որ երիտասարդներին պետք է ոգեշնչել և գոտեպնդել իրենց կատարած աշխատանքի օրինակով` ճանապարհ հարթելով դեպի լուսավոր կյանք: Խնդիրներ, բացթողումներ, իհարկե, կան, բայց այդ ամենն առաջ գնալու, նոր հորիզոններ նվաճելու համար չեն խոչընդոտի մեզ»:

Էդգար Մանուկյանը կարծում է, որ հայ երիտասարդներին, հատկապես`Սփյուռքի, պետք է հավատ և վստահություն ներշնչել, որ նրանք միայնակ չեն, որ արդեն իրենց հերթն է Հայաստանի զարգացմամբ զբաղվելու: Այդ նպատակին հասնելու համար` ընդամենը պետք է ոգևորել նրանց, ներգրավվել տարբեր գործընթացների մեջ, որպեսզի աշխարհի ցանկացած երկրում գտնվելով հանդերձ` չմոռանան հայկական արմատների և իրենց երակներում հոսող հայի արյան մասին:
Էդգար Մանուկյանը խոսեց նաև հավաքից ստացած տպավորությունների մասին. «Տեսնելով մեր երիտասարդների փայլող աչքերը՝ հասկացա, թե որքան տաղանդավոր և աշխատասեր են նրանք: Հասկացա նաև, որ եթե սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանի հետ կապված իղձերին հասնելու համար բոլոր նախադրյալներն ապահովենք, ապա նրանք մեծ սիրով Հայաստան կվերադառնան և կշենացնեն իրենց երկիրը: Առհասարակ, մեզանից յուրաքանչյուրը պարտականություն ունի Հայաստանի առաջընթացի, հզորացման հարցում:

Կոչս է աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը, որ չմոռանան իրենց Հայրենիքը, համախմբվեն Հայաստանի շուրջ` միշտ հիշելով, որ Հայաստանն առանց իրենց անզոր է ու տկար: Թո՛ղ տեսնեն և գնահատեն այստեղ տրվող առավելությունները, որպեսզի գան, միասին ստեղծենք և արդյունքի հասնենք»:

Հավելենք, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքին զեկուցումով հանդես եկավ «Համահայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի համար` ներկայացնելով «Ավրորա մրցանակ» թեման:

Գևորգ Չիչյան

Scroll Up