«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներն այցելեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր

Հուլիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց-2016 ծրագրի «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» և «Լրագրողների վերապատրաստում» դասընթացների մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Նախագահի նստավայրում: Ծրագրի մասնակիցներին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ, ինչպես նաև՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:

Հանդիպման վերջում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, այնպես էլ՝ Հայաստան-Սփյուռք և Սփյուռք-Սփյուռք կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները շրջայց կատարեցին նախագահական նստավայրում, որի ընթացքում հետաքրքիր տեղեկություններ ստացան Նախագահի նստավայրի մասին՝ երբ է այն կառուցվել, ով է եղել ճարտարապետը, ինչպիսին է շենքի կառուցվածքը, ըստ արարողակարգի՝ ինչ միջոցառումներ են անցկացվում շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում, սրահներում և այլն:

Այցի ավարտին մասնակիցները՝ որպես նվեր, ստացան շրջայցի լուսանկարներով և հայկական դրոշի գույներով կրիչներ:

DSC_8328DSC_8331 DSC_8354DSC_8384 DSC_8388

Scroll Up