«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գայանե Սողոմոնյանի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/07/ամառային-դպրոց3.jpg)
Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակիցները Երևանի պետական համալսարանում հանդիպեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Գայանե Սողոմոնյանը ներկաներին ծանոթացրեց Հայաստանի հանրակրթական և նախադպրոցական ծրագրերին, խոսեց դպրոցների որակի և անելիքների մասին: Նա իր խոսքում ներկայացրեց նաև ավագ դպրոցի մակարդակն ու գործունեության մոդելը և հավելեց, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան:
Սփյուռքահայ ուսուցիչները մեծ ուշադրությամբ լսեցին և իրենց հարցերը ուղղեցին: Հատկապես ներկաներին հետաքրքրում էր կապերի խորացումը և Սփյուռքում դասագրքերի հետ կապված խնդիրները:
Տիկին Սողոմոնյանը «Հայերն այսօրի» հետ զրույցի ընթացքում նշեց նաև, որ Երևանում գործող դպրոցների և սփյուռքյան դպրոցների հետ կապը թույլ է և առաջարկեց ուսուցիչներին խորացնել եղած կապերն ու հաստատել նորերը: Առաջարկեց նաև շատացնել քույր դպրոցների քանակը և կատարել փորձի փոխանակում:
Հանդիպման վերջում Գայանե Սողոմոնյանը ներկաներին նվիրեց գրքեր, որոնք ուսուցիչների խնդրանքով մակագրվեցին:
Լուսինե Գրիգորյան
«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող