Գուսան Հայկազուն «Հավերժ փառք ազգի ու Հայ դատի համար ողջակիզված Լիզբոնի գործողության 5 կտրիճներին»

1983թ. հուլիսի 27-ին լիբանանահայ 5 հայորդիներ` Սեդրակ Աճեմեանը, Արա Քըրճըլեանը, Սարգիս Աբրահամյանը, Վաչե Տաղլեանը, Սիմոն Եահինյանը Լիսաբոնում գրավեցին թուրքական դեսպանատունը և իրենց անձնազոհությամբ դարձան Հայ դատի պայքարի ողջակիզվող հոգիներ` աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնելով, որ հայ ժողովուրդը չի մոռացել, չի մոռանալու իր պատմության ահասարսուռ էջերը` Հայոց ցեղասպանությունը, որ հայ ժողովուրդը պահանջատեր է:

…30 տարի է անցել հայորդիների սխրանքից, սակայն Լիզբոնի ողջակեզների (այդպես է նրանց անվանել Մասիսերգակ բանաստեղծը` Հովհաննես Շիրազը), բողոքի ու ցասման յուրօրինակ, հրաբխային ժայթքումը, հայրենասիրության աշխարհացունց, անգերազանցելի դրսևորումը համայն հայությա խոնարհումի սրբարանն է դարձել:

Լիզբոնի գործողության 5 քաջերի հիշատակին նվիրված այդպիսի մի խոնարհում էր Սռնո Բաբաջանյանի անվան համերգասրահում գուսան Հայկազունու «Հայկազունք» երգչախմբի համերգը, որի ընթացքում հնչեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ գուսան Հայկազունու ռազմահայրենասիրական երգերը… Հնչեցին ժողովրդի կողմից շատ սիրված «Գետաշեն», «Հրով լինի, սրով լինի…», «Շահումյան», «Հայե´ր,  միացե´ք» և այլ երգեր: Երգում էր ողջ դահլիճը, ծածանվում էին հայոց եռագույն դրոշները, պարում էին բոլորը…

Ասես համահայկական մի տոն էր` ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի տոն: Ներկաները` հյուրեր Սփյուռքից, Արցախի գոյամարտի ազատամարտիկներ, ուսանողներ, ողջ երեկոյի ընթացքում ձայնակցում էին «Հայկազունք» խմբին, ու պարզապես անհնար էր չհարցնել գուսանին`

Ձեր համերգները մի՞շտ են այսպես ոգևորում հանդիսատեսին:

Գրեթե միշտ այսպես է լինում, որովհետև հայրենասիրության ոգին կա, հարկավոր է միայն այն արթուն պահել: Քաջեր միշտ էլ կան… վկան` Լիզբոնի 5 հայորդիները, որոնց էլ նվիրել ենք այս համերգը:

Ուզում եմ շնորհավորել Ձեզ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ստացած պարգևների` ոսկե մեդալի և շնորհակալագրի համար, որոնք ստացել եք նախարարության հետ Ձեր անշահախնդիր համագործակցության  համար: Դուք պարգևներ, շնորհակալագրեր, ըստ երևույթին, շատ եք ստացել: Վերջին երկու պարգևները ինչո՞վ են  առանձնահատուկ և որքանո՞վ են Ձեզ պարտավորեցնում:

Շնորհակալ եմ: Ասեմ, որ Սփյուռքի նախարարությունն ինձ համար տարբերվում է մյուս բոլոր նախարարություններից. միակն է, որի նախարարն ու աշխատակազմը ինձ, իմ խմբին նկատել են, ճանաչում են, տեղ են տալիս ու գնահատում են մեր հայրենանվեր աշխատանքը: Երկու տարի է, ինչ բարեկամացել ենք ՀՀ սփյուռքի  նախարարության հետ: Երանի թե բոլոր նախարարություններն այդքան ուշադիր ու գնահատող լինեն հայրենասիրական, հայրենանվեր երգի մունետիկների հանդեպ: Սփյուռքի նախարարության հետ շփվելով` ես շփվում եմ նաև սփյուռքի հայերի հետ, ովքեր հայության լավագույն մասն են կազմում: Եղել եմ Սիրիայում, Լիբանանում և գիտեմ, թե որքան հայրենանվեր հայություն է ապրում այնտեղ: ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա հոբելյանի առիթով իմ ելույթում ասացի, որ շնորհակալ եմ, բայց չեմ ուզում, որ նախարարությունը 10-ամյակ տոնի, որ այլևս Սփյուռք չունենանք, որ բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում, մեր նախարարն էլ թող ուրիշ նախարարություն ղեկավարի, իսկ ես այլևս չերգեմ` «Պիտի գնանք վաղ, թե` ուշ»:

Գուսա´ն Հայկազուն, որտեղի՞ց գտաք այս խմբի հրաշք երիտասարդներին, թե՞ իրենք Ձեզ գտան:

Խումբն ունի յոթ տարվա պատմություն, բայց սրանից առաջ Արտաշատում ունեցել եմ «Հայե´ր, միացեք» խումբ, համերգներ ենք ունեցել ՌԴ-ում, Իրանում: Հետո, երբ որոշեցի «Հայկազունք»-ը ստեղծել, հիմնադրել, մի փոքրիկ հայտարարություն փակցրեցի Կոնսերվատորիայի պատին, և սկսվեց հոսքը, հարյուրավոր երիտասարդներ դիմեցին: Ընտրեցի նրանցից լավագույններին և հիմնեցի այս խումբը, որն ինձ համար շատ թանկ է. ես նրանց համար առաջին հերթին լավ ընկեր եմ, հետո` ղեկավար:

Ես գիտեմ, որ Դուք երաժշտական կրթություն չունեք. ինչպե՞ս եք հորինում, ինչպե՞ս եք  նոտագրում Ձեր երգերը:

Ասեմ, որ ես նոտա չգիտեմ, երաժշտական ոչ մի կրթություն չունեմ, երաժշտական գործիք նվագել չգիտեմ: Շինարար-ինժեներ եմ եղել, երկար տարիներ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց այդպես էլ չդարձա շինարար, աշխատել եմ մաքսային դաշտում, բայց մաքսավոր էլ չդարձա… Ես գտա իմ աշխարհը` երգի աշխարհը: Ինչպես եմ գրում իմ երգե՞րը… Մտքո’վ: Շա˜տ եմ տանջվում, բայց ոչ մեկին չեմ խնդրում նոտաներով գրել. երգում եմ, ձայնագրում և կյանքի կոչում:

Ունե՞ք Ձեր երգերի տպագիր ժողովածուն:

– Իհա´րկե, առաջինը տպագրել եմ  15 տարի առաջ, հետո անընդհատ թարմացրել եմ: Հիմա նորը պիտի տպագրեմ, որովհետև նոյեմբերի 23-ին «Հայկազունք» խումբը Լիզբոնի գործողության 30-ամյակին նվիրված համերգային ծրագրով ելույթ կունենա Փարիզում, և ես ուզում եմ այդ գրքերից հետս տանել:

–  Համերգային ծրագրով որտե՞ղ եք եղել:

2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ հայ համայնքների հրավերով մեկնել ենք Սիրիա, Լիբանան: 2012-ի դեկտեմբերին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ համերգներով հանդես եկանք ՌԴ-ի մի շարք քաղաքներում: Եղել ենք Հայաստանի  բոլոր մարզերում, Արցախում, Ջավախքում: Հաճախ ենք լինում զորամասերում: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Աղավնաձորում հանգստացող սփյուռքահայ պատանիների համար ենք համերգ տվել, Ծաղկաձորում` «Սփյուռք ամառային դպրոց»-ի մասնակիցների:

Դուք նաև Ղարաբաղյան գոյամարտի ազատամարտիկներից եքԿա՞ն երգեր, որոնք հենց այդ  տարիներին են ծնվել:

Այո´, բոլոր երգերը նպատակային են և ժամանակի, պահի թելադրանքով են գրվել: «Ինչքան էլ որ դժվար լինի, դիմացե´ք,, երգը, «Գետաշենը» և այլ երգեր հենց այդ ժամանակ են գրվել: Երգերիս մեծ մասը պատերազմի դաշտում են ծնվել, մի ձեռքով կռվել եմ, մյուս ձեռքով գրել եմ… Ասեմ, որ նաև սիրո քնքուշ երգեր էլ ունեմ, որոնցից մեկն այսօր հնչեց:

Ձեր հայրենասիրությունը շատ վառ ընդգծվում է թե´ երգերում, թե´ Ձեր ելույթներում, բանավոր խոսքումԱրցախյան շարժման մեջ կամավո՞ր եք մտել:

1988թ. առաջիններից եմ եղել, որ մտել եմ «Ղարաբաղ» կոմիտեի մեջ` Արտաշատի մասնաճյուղի, ստեղծեցինք  կամավոր ջոկատներ և մեկնեցինք կռիվ: Այդ տարիներին թրծվեցինք հոգով ու կամքով: Շատերը մնացին տաքուկ անկյուններում` իրենց «կանանց փեշերի տակ», փափուկ աթոռներին նստած` հեռուստացույցով դիտեցին ու լսեցին լուրերը կռվի դաշտից, իսկ տղաներից շատերն իրենց կյանքով պահեցին մեր սահմանները:

Հետաքրքիր, արտառոց մի դեպք կպատմե՞ք Ձեր համերգային  շրջագայություններից:

Հալեպում էինք, Սիրիայում արդեն ցնցումներ էին սկսվել, ճանապարհները վտանգավոր էին: 15 օր համերգ էինք տվել, ծրագրված էր համերգներով հանդես գալ Կամիշլիում, Դամասկոսում, բայց վտանգ կար, և չգնացինք այդ քաղաքները: Պիտի հանգստանայինք, զբոսնեինք քաղաքում և Հայաստան վերադառնայինք: Համազգայինի ղեկավար ընկեր Արտոն ասաց` «լավ կլինի, որ դահլիճում հավաքվեն բոլոր դպրոցներից, ու մի լավ համերգ ևս տանք» (մենք մինչ այդ բոլոր դպրոցներում եղել էինք): Այդպես էլ արեցինք. դա իսկապես արտառոց, հիշարժան մի դեպք էր, որովհետև երգում էին մոտ 100 հոգի. մեր խումբը բարձրախոսները զիջեց երեխաներին, ովքեր խմբերով բեմ ելան… Բառերով  դժվարանում եմ նկարագրել այդ ցնծությունը, այդ հայկյան ոգին, որը պատել էր բոլորին:

Ի՞նչ է Ձեզ համար միացյալ Հայաստանը` պատրա՞նք, երազա՞նք, կո՞չՀավատո՞ւմ եք, որ կգա այդ օրը:

Այո, հավատում եմ: Դա երազանք է, որն անպայման մի օր իրականություն կդառնա, հավատում եմ, որ աշխարհը քաջություն կունենա ոչ միայն ճանաչելու, այլև դատապարտելու և հատուցելու հայ ժողովրդի բարոյական, նյութական և տարածքային կորուստները: Հավատում և ասում եմ` հավերժ փա´ռք ազգի ու Հայ դատի համար ողջակիզված Լիզբոնի գործողության 5 կտրիճներին:

Հարցազրույցը՝ Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ

IMG_3071IMG_3064

 

Scroll Up