Բարերարներ Բաբայանների նախաձեռնությամբ Մեծ Խանչալի գյուղում տեղադրվեց խաչ
Խաչը քրիստոնյայի համար պսակ է, որ բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը, այն՝ որ Հիսուս ի սեր մարդկության եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց և իր խաչելությամբ նոր իմաստ ու խորհուրդ տվեց խաչին: Խաչը ոչ միայն կյանքի, այլև ներշնչանքի աղբյուր դարձավ հավատացյալ հայի համար: Դարերի ընթացքում տեղադրվեցին զմայլելի խաչեր, որոնք այսօր հայ ժողովրդի հոգևոր հարստությունն են և անմահության գրավականը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net կայք-էջից:
Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղում ևս տեղադրվեց Խաչ բարերարների նախաձեռնությամբ և գյուղի երիտասարդների միջամտությամբ: Բարերարներն էին Մեծ Խանչալի գյուղի Ռուսաստանաբնակ Սերգեյ, Արտյուշ և Վալոդյա Բաբայանները: Տեղադրման արարողությանը ներկա էին Նինոծմինդայի Սակրեբուլոյի պատգամավոր Սեդրակ Շահբազյանը, Մեծ Խանչալիի վարչական միավորման գամգեոբայի ներկայացուցիչ Արմեն Անանիկյանն ու գյուղի բնակիչները:
«Այս խաչը խանչալեցիների համար շատ մեծ նշանակություն ունի և մեծ պատիվ է: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Բաբայաններին այսպիսի լավ գործի համար: Խաչի հետ կապված դեռ շատ աշխատանքներ կան. պետք է տեղադրվեն լույսեր, խաչի վրա գրվելու է «Մեծ Խանչալի» և կանոնակարգվելու է հարակից տարածքը: Մեկ ամսվա ընթացքում կկատարվեն բոլոր աշխատանքները և կլինի մեծ բացում՝ բարերարների ներկայությամբ: » ,- ասաց Խանչալիի վարչական միավորման գամգեոբայի ներկայացուցիչ Արմեն Անանիկյանը:
Հայ ժողովուրդը խաչի մեջ տեսել է իր գոյության իմաստն ու կյանքի աղբյուրը՝ դարերի մեջ երբեք չդավաճանելով Խաչին ու չուրանալով այն: Թո´ղ այս խաչը պահապան լինի ոչ միայն Խանչալի գյուղի բնակիչներին, այլև՝ ամբողջ քրիստոնյա հայ ժողովրդին: