ՀԱՄԼԵՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «Կարևորը հայոց լեզվի ուսուցիչների հարցն է»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/10/1348242707_1-movsisyan-300x168.gif)
Հոկտեմբերի 12-ին Սփյեւռքի նախարարությունում կայացած՝ ԱՊՀ երկրների և Վրաստանի հայկական համայնքների ղեկավարների հանդիպում-քննարկմանը մասնակցում էր նաև Ջավախքի հայկական համայնքի ղեկավար, ճանաչված ազգային գործիչ ՀԱՄԼԵՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Նրա հետ մեր զրույցի թեման կենտրոնացավ Ջավախքում հայկական կրթության խնդիրների շուրջ:
–Պարո´ն Մովսիսյան, բնականաբար, Ջավախքը Սփյուռք չէ, քանի որ հայերն ապրում են իրենց ավանդական հողի վրա: Խորհրդային տարիներին Ջավախքում գործում էին հայկական դպրոցներ, հայեցի կրթությունն ապահովված էր, մինչդեռ գիտենք, որ հատկապես վերջին տարիներին Վրաստանում կյանքի կոչվեցին նոր կրթական սկզբունքներ, այսօր արդեն լուրջ խնդիրներ կան ազգային կրթության ասպարեզում: Ի՞նչ է արվում, որպեսզի պահպանվի հայեցին:
-Ջավախքը հայկական տարածք է իր ամեն ինչով, այստեղ մենք չունենք ուծացման խնդիրներ, ձուլման վտանգներ: Ավելին, երևի ոչ մի տեղ այնքան խորը չէ ազգայինը, որքան մեզ մոտ: Շատ վաղուց մեր միակ լեզուն այստեղ հայերենն է. Շատերը, գալով Ջավախք, կարծում են, թե Հայաստանում են: Սակայն ճիշտ նկատեցիք, որ վերջին տարիներին վրացական կրթական համակարգում լուրջ փոփոխություններ եղան: Որպես ինքնիշխան պետություն՝ Վրաստանն առաջնային դարձրեց վրացերենով ուսուցման խնդիրները՝ այսպիսով հատկապես հայկական դպրոցներին տանելով դեպի լուծարում: Մենք չենք կարող ընդդիմանալ, որովհետև այսպիսին է երկրի օրենքը: Հատկապես Թբիլիսիում փակվեցին հայկական դպրոցները, հանգամանք, որը մայրաքաղաքում հայեցի կրթությունը բարդացրեց չափազանց: Ջավախքի հարցում, շնորհիվ նաև տարվող երկկողմանի քաղաքականության, հնարավորություն ընձեռվեց պահպանել դպրոցները՝ այստեղ հայոց լեզու, գրականություն և հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդման լեզուն համարելով հայերենը: Մենք գոհ ենք, մեզ է թողնված ժամաքանակի որոշման հարցը: Խնդիր ունենք հայ ժողովրդի պատմության ուսումնասիրման հարցում, քանի որ այստեղ չենք կարող դիմել ժամաքանակի ընդլայնման, սակայն եղածն էլ բավական է, որպեսզի հնարավորության սահմաններում մեր երեխաներին սովորեցնենք մեր պատմությունը:
–Դուք Սփյուռքի նախարարին ասացիք, որ Ջավախքում այսօր քիչ են հայոց լեզվի և գրականության ուսուցիչները, խնդիր դրեցիք, որպեսզի Հայաստանն աջակցի ջավախքցի երիտասարդներին՝ ստանալու մանկավարժական կրթություն: Ասեմ, որ Հայաստանի կառավարությունն այս ուղղությամբ որոշակի քայլեր արդեն կատարել է:
-Գիտեմ, որ խնդիրը քննարկվել է, սակայն չափազանց քիչ են այսօր Ջավախքում բարձրագույն կրթություն ստացած մայրենիի ուսուցիչները: Շատերը չեն կարողանում գալ Հայաստան՝ վարձավճարների, ապրելու դժվարացող խնդիրների պատճառով: Ջավախքում կա սոցիալական լարվածություն, ինչն էլ խանգարում է, որ շատերը ստանան հայաստանյան բարձրագույն կրթություն: Ցանկալի կլինի, որ յուրաքանչյուր տարի միջպետական պայմանավորվածությունների շրջանակներում անվճար համակարգ ընդունվեն գոնե հինգ երիտասարդ և ապա վերադառնան Ջավախք: Կարծում եմ, որ այսպես մենք կկարողանանք լուծել կարևորագույն հարցերը:
–Հուսանք, որ այդ հարցն իր շուտափույթ լուծումը կստանա: Ջավախքում, վստահ եմ, որ բացի դպրոցից, գործում են նաև մշակութային կառույցներ, որոնք նպաստում են հայապահպանությանը:
-Մեր առաջին մշակութային կառույցը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնն է, որը հաճախ է հանդես գալիս հյուրախաղերով, սակայն թատրոնն էլ ոչ միշտ է կարողանում այցեր կազմակերպել: Նախկինում ունեինք գեղարվեստական ինքնագործունեություն, որն այսօր գործում է տարերայնորեն: Բայց հնարավորն անում ենք, որպեսզի պահպանենք ազգայինը, սերտ լինեն մեր առնչությունները, բացվող օրվա հետ մեր երեխաներն ապրեն հայերեն մտածողությամբ, հայկական ավանդույթներով: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի Հայաստանի հետ սերտ լինեն կապերը, հատկապես մաքսային օրենքները խոչընդոտներ չլինեն մեր շփումներին: Մինչդեռ այստեղ էլ խնդիրներ ունենք: Վստահ եմ, որ աստիճանաբար բոլոր խնդիրները կկարգավորվեն:
– Իսկ հիմնականում ի՞նչ խնդիրներ կան մաքսային ոլորտում
-Այսօր դժվարությամբ ենք կարողանում Ջավախք փոխադրել դասագրքեր, ազգային գրականություն: Շատ ջավախքցիների համար Հայաստանն է միակ շուկան, մինչդեռ բավական բարձր են մաքսատուրքերը, որոնք էլ հնարավորություն չեն տալիս ջավախքցիներին իրենց բերքը վաճառել հայաստանյան շուկաներում: Բայց հուսանք, վստահ լինենք, որ այս հարցերը ևս իրենց լուծումները կստանան:
–Մենք էլ ենք վստահ: Ուրեմն, հաջողություններ ձեզ:
Զրուցեց Լևոն Մութաֆյանը