Ժենի Ակտերյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երեկո Բուխարեստում
Հունիսի 28-ին Ռումինիայի գրողների միության գրական թարգմանությունների Բուխարեստի մասնաճյուղը Ռումինիայի Հայոց միության հետ համատեղ Բուխարեստի Մետրոպոլիտեն գրադարանում կազմակերպել է երեկո նվիրված մինչպատերազմյան եւ հետպատերազմյան Ռումինիայի արտիստական աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկի` Ժենի Ակտերյանի (1916-1958) ծննդյան 100-ամյակին, գրում է «Արմենպրեսը»:
Դերասանուհի, ռեժիսոր եւ թարգմանիչ Ժենի Ակտերյանն/Jenny Acterian այսօր առավել շատ հայտնի է իր «Դժվարահաճ էակի օրագիրը» գրքով: Այն իր անողոք անկեղծությամբ եւ գերզայունությամբ այդ ժանրի լավագույն գործերից է Ռումինիայում: Առաջին անգամ օրագիրը լույս տեսել 1991թ. Humanitas հրատարակչության կողմից, ավագ եղբոր` Արշավիր Ակտերյանի խմբագրությամբ ու Դոյնա Ուրիկարիուի/Doina Uricariu թարգմանությամբ (Ժենին օրագիրը գրել է ֆրանսերեն եւ մասամբ անգլերեն): Դրան հաջորդել է Բուխարեստի «Արարատ» հրատարակչության մի այլ հրատարակություն, իսկ ավելի ամբողջական հրատարակությունը 2015թ. լույս է ընծայել նույն Humanitas հրատարակչությունը, որի մասին էլ քննարկում էր ծավալվել երեկոյին:
Բանախոսներն էին Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ս. Սկուլտետին/S. Skultéty, ում ջանքերով թարգմանվել է գրքի 2015թ. հրատարակությունը, պատմաբան ու գրաքննադատ Պաուլ Չեռնատը/Paul Cernat ու Ռումինիայի գրողների միության գրական թարգմանությունների Բուխարեստի մասնաճյուղի նախագահ Պետեր Սրագերը/Peter Sragher:
Ժենի Ակտերյանը ծնվել է Կոնստանցայում, Բուխարեստում ֆրանսիական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է համալսարանի փիլիսոփայության եւ մաթեմատիկայի ֆակուլտետ: Պատերազմի եւ ծանր նյութական կացության պատճառով չի կարողացել ուսումը շարունակել Փարիզում, հետագայում թատերական կրթություն ստացել Բուխարեստի Դրամատիկական արվեստի դպրոցում: Բուխարեստի տարբեր թատրոններում խաղացել եւ բեմադրել է մի շարք պիեսներ, ֆրանսերենից եւ անգլերենից արել թարգմանություններ: Եղել է խելացի, ուժեղ եւ անհաշտ բնավորությամբ անհատականություն, մոտ է եղել ժամանակի ռումին արտիստական եւ գրական աշխարհի հայտնի դեմքերին (Միրչա Էլիադե/Mircea Eliade, Էոժեն Իոնեսկու/Eugen Ionescu, Էմիլ Չիորան/Emil Cioran): Մահացել է ծաղկուն հասակում, անբուժելի հիվանդությունից:
Ռումինական գրական-թատերական միջավայրում հայտնի էին նաեւ նրա ավագ եղբայրներ գրող Արշավիր Ակտերյանը (1907-1997), որը պատերազմից հետո երկար տարիներ աքսորվել է Սիբիր, եւ ռեժիսոր Հայկ Ակտերյանը (1904-1942), որը զոհվել է 1942թ. ռազմաճակատում: