Դեսպան Սեյրանյանի հանդիպումները Բրատիսլավայում

 Հոկտեմբերի 9-ին Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավա:

Դեսպանը նախ հանդիպում ունեցավ Արտաքին եւ Եվրոպայի գործերի նախարարությունում, ուր տարածքային վարչության պետ Բրանիսլավ Հիտկայի հետ քննարկվեցին հայ-սլովակական հարաբերություններին առնչվող, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային խնդիրներ:

  Այնուհետեւ դեսպան Սեյրանյանին ընդունեց Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նախագահ Պավոլ Պաշկան: Հանդիպման սկզբում Տիգրան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի օրենսդիրի ղեկավարին`  Ազգային խորհրդի 2004թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության եւ 2009թ. ընդունած ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի համար: Կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան եւ երկկողմ հարաբերությունների ընթացքը: Երկուստեք շեշտվեց միջխորհրդարանական գործակցության զարգացման եւ բարձր մակարդակով փոխադարձ այցերի անհրաժեշտությունը:

Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց հայ-սլովակական հարաբերությունների ներկա վիճակը, Պրահայում ՀՀ դեսպանության գործունեությունը: Քննարկվեցին նաեւ հայ համայնքին առնչվող հարցեր: Այս մասին «Հայերն այսօր» -ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up