Ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությունը ծայրաստիճան վտանգավոր է. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքն արձագանքել է Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քայնաքը մասնավորապես ասել է.
«Ցեղասպանություն ասողները նախ թող նայեն իրենց սեփական պատմությանը, խաչակրաց արշավանքներին: Եվրոպայում այսօր սաստկանում է իսլամաֆոբիա: Նման պայմաններում Պապի այս հայտարարությունը ծայրաստիճան վտանգավոր է: Հոգևոր առաջնորդի կողմից այսքան աննրբանկատ ու անհիմն հայտարարությունը ճիշտ չեմ համարում: Այս արտահայտությունը օգտագործելով՝ Պապը, հավանաբար, ցանկանում է դառնալ ոչ թե բոլոր կաթոլիկների, այլ ողջ քրիստոնյա աշխարհի Պապը»:
Թուրքիայի փոխվարչապետը հավելել է. «Եթե նման հայտարարություններ անողները հետահայաց նայեն պատմությանը, ապա կտեսնեն, որ Օսմանյան պետության դաշնակիցը հանդիսացող գերմանացիներն են հրահրել 1915թ. դեպքերը և իրենք էլ ծրագրել են»:
Քայնաքը հիշեցրել է Թուրքիայի կողմից մշտապես առաջ քաշվող առաջարկը՝ պատմությունն ուսումնասիրելու նպատակով արխիվները բացելու վերաբերյալ: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 101 տարի անց որոշ հայեր դեռ Թուրքիայի քաղաքացիներ են.
«Մենք նույն հողերում ենք ապրում, նույն իրավունքներն ունենք: Խորհրդարանում հայկական արմատներով պատգամավորներ ունենք: Հիմնադրամների գլխավոր վարչության միջնորդությամբ վերականգնվում են հայերին պատկանող կրոնական կառույցները: Մենք վերադարձնում ենք փոքրամասնությունների ունեցվածքը», – ermenihaber.am-ի փոխանցմամաբ՝ հավելել է Քայնաքը:
Նրա պնդմամբ՝ ոչ 300-ամյա սելջուկյան պատմության ընթացքում, ոչ 600-ամյա օսմանյան շրջանում միանշանակ ցեղասպանություն տեղի չի ունեցել: