Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող հայ-լիտվական հարաբերությունների կապակցությամբ: Նա հատկապես կարևորեց երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և զարգացող հումանիտար կապերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ Լիտվան շահագրգռված է Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների, այդ թվում` միջխորհրդարանական փոխգործակցության  զարգացմամբ ու ամրապնդմամբ:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը անդրադարձավ մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝           Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան  – Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։ Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

 

Scroll Up