Հայ-հունական առնչություններ. հանդիպում Աթենքի համալսարանում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/06/opa2.jpg)
«Ճակատագիրը հայերին դժվար տարածք է տվել, հայ ազգը բազում վտանգներ է տեսել իր ճանապարհին, սակայն իր առաքինություններով ու բնատուր շնորհներով շարունակել է ապրել, վերապրել ու զարգանալ»,-նման խոհերով է բնութագրել հայերին հույն գրող Միցոս Ալեքսանդրոպուլոսը իր «Հայերը» գրքում:
Ճակատագրով այդ դժվար տարածքում հայերի կողքին բնակվել են նաև հույներ, որոնց մի մասը հաստատվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում, դեռևս 19-րդ դարի սկզբին:
Գողտրիկ այս գյուղի բնակիչները Արցախի ժողովրդի հետ կիսել են ավանդույթները, նիստն ու կացը, պատերազմը, տագնապը, ուրախությունն ու հաղթանակը: Հույների համար դա սովորական տարածք չէ, այլ հարազատ բնօրրան: Մեհմանայի այսօրվա պատկերի, դիմագծի, առօրյայի և վաղվա տեսլականի մասին խոսեց Աթենքի համալսարանի ուսանողուհի Քրիստինա Էլևթերովան իր «Հունական գյուղը Հայաստանում» աշխատության մեջ: Հատուկ ընդգծեց իր տատի՝ Մեհմանայում ծնված ՀՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանի ծառայությունների մասին քանոնահարության ասպարեզում:
Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 22-ին, Աթենքի համալսարանի ազգագրության ֆակուլտետում: Երիտասարդ ազգագրագետին դրվատեցին Աթենքի համալսարանի ազգագրության դասախոս Վասիլիկի Խրիսանթոպուլուն և ճանաչված մտավորական, բանաստեղծ Հակոբ Ջելալյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին գրում է Նանե Կարապետյանը Աթենքից:
Համալսարանական հանդիպումը անմոռաց դարձրեց հայ ազգային երգի «Անի» համույթը, որի կատարողներից մեկը հենց ինքը՝ շվիահար Քրիստինա Էլևթերովան էր, աշխատության հեղինակը: Ներկաները սիրով ունկնդրեցին Սայաթ- Նովա, Խաչատուր Ավետիսյան և շատ այլ հայ երգահանների ստեղծագործությունները: