Վարչապետն ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ գործունեությունը հայապահպանության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում և իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետը ներկայացրել է կուսակցության ծրագրերը և նշել, որ կուսակցությունը պատրաստ է շարունակել աջակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծմանը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ազգային ինքնության ու լեզվի պահպանման, մայր հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի շուրջ։