Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 21-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ ԱՀՀ Երեւանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ազգային ժողովի լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունը Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության գործում, ինչպես նաեւ կառույցի կողմից Արցախի հանդեպ ընդգծված ուշադրությունը, որն արտահայտվում է նրա ղեկավարների հաճախակի այցելություններով:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը նշել է, որ իր վերջին այցից հետո դրական տեղաշարժեր է տեսնում Արցախում:
Իր խոսքում Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարի գործունեության մեջ կարեւոր տեղ է գրավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ Արցախի դիրքորոշումներն ու տեսակետներն ԱՄՆ պետական ու հասարակական շրջանակներին ներկայացնելու խնդիրը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին, Արցախի միջազգային ճանաչմանը եւ տարածաշրջանային այլ խնդիրներին: