Իմ աջակցությունը Հայոց բանակին՝ մեկ կաթիլ է ծովում. Ռուբիկ Գալստանյան
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը գործարար, բարերար, Եվրոպայի ԵԿՄ նախագահ Ռուբիկ Գալստանյանի հետ, ում կյանքի հիմնական նպատակը հայրենիքին ու Հայոց բանակին ծառայելն է.
– Ծնվել եմ 20-րդ դարի առաջին կեսերին՝ Թեհրանում, շատ հետաքրքիր, սիրո հիմքի վրա խարսխված ընտանիքում: Իմ կյանքի հիմնական կրթությունը, դաստիարակությունը ստացել եմ ծնողներիցս:
Մինչև 13 տարեկան՝ սովորել եմ Թեհրանի հայկական դպրոցում, միջավայր, որը նույնպես կարևոր դերակատարություն է ունեցել իմ կյանքում: Այն կրթության համար, որը ստացել եմ Իրանում, պարտական եմ իմ ուսուցիչներին, դպրոցին, եկեղեցուն և ՀՅԴ կուսակցությանը: Իրանում, և Սփյուռքում առհասարակ, մեծ դերակատարություն ունեն ավանդական կուսակցությունները, որոնք ամեն պարագայում ուղեկցում են ժողովրդին:
Անցյալ տարի ես Երևանում բախտ ունեցա հանդիպելու իմ դպրոցի տնօրենին՝ պարոն Եսայանին, և 45 տարի հետո՝ իմ շնորհակալությունները հայտնել: Այն մի քանի ժամը, որը միասին անցկացրինք, շատ երջանիկ պահեր էին: Ես մինչև հիմա աշխարհի տարբեր երկրներում՝ Շվեդիայում, Ավստրալիայում, Ամերիկայում, փնտրում եմ իմ ուսուցիչներին: Նրանք այն մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը մեր երակներում ներարկել է հայկական դաստիարակությունը, հայ լինելու հպարտությունը, հայի պահանջներին տեր դառնալու ձգտումն ու առաքելությունը:
Մանկությունս ու պատանեկության մի մասն անցկացրի Իրանում: 70-ական թվականներին մեր ընտանիքը տեղափոխվեց Հայաստան:
– Ինչպե՞ս ընթացավ Ձեր կյանքը Հայաստանում:
– Մեր վերադարձը հայրենիք՝ միայն մեկ պատճառ ուներ: Իմ ծնողներն իրենց հայրերից, պապերից ստացել են այն դաստիարակությունը, որ ճիշտ է՝ ապրում ենք Իրանում, բայց մի օր պետք է վերադառնանք Հայաստան: Դժբախտաբար, այդ մի օրը տևեց շուրջ 400 տարի:
Իրանում հայրս բավականին ճանաչված մարդ էր՝ իր աշխատանքով, վաստակով: Բայց այդ ամենը նրա համար ոչինչ էր: Մենք վերադարձանք, և միանգամից իմ կյանքը փոխվեց: Թողեցի մանկությունս Իրանում և եկա այստեղ՝ որպես պատանի: Մենք հաստատվեցինք Կիրովականում (ներկայիս՝ Վանաձոր-հեղ.), դա հորս ընտրությունն էր: Ճիշտ է, հետո նրան Երևանում բնակարան հատկացրին, ու մեր ընտանիքը տեղափոխվեց: Ես մնացի Կիրովականում, շարունակեցի ուսումս, ավարտեցի դպրոցը:
Առաջին մասնագիտությամբ՝ խմբավար եմ: 9-րդ դասարանից սովորում էի և´ դպրոցում, և´ երաժշտական ուսումնարանում: Դպրոցն ու ուսումնարանը ավարտելուց հետո՝ 2 տարի սովորեցի Կոնսերվատորիայում: Այդ ընթացքում ամուսնացա և փոխեցի մասնագիտությունս: Ընդունվեցի Լենինականի (ներկայիս՝ Գյումրի-հեղ.) պոլիտեխնիկական ինստիտուտ, դարձա հագուստի մասնագետ, ինչն ինձ հետագայում օգնեց օգտակար լինել Հայոց բանակին:
Երկու երեխաներս ծնվեցին Կիրովականում: Կնոջս՝ Զոյայի հետ նույն դասարանում ենք սովորել: Նա մեր դասարանի ավագն էր, գերազանցիկ էր և շատ խիստ: 25-ամյա դպրոցի պատմության մեջ նա միակ Ոսկե մեդալակիրն էր: 21 տարեկան էինք, երբ ամուսնացանք: Այդ ընթացքում հասցրեցի ընդունվել նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ և ստանալ բանասերի որակավորում:
Իմ և Զոյայի ընտանիքը, ինչպես և ծնողներինս, սիրո հիման վրա է ստեղծվել: 22 տարեկան էինք, երբ մեր առաջնեկը՝ Նաիրին ծնվեց: Տարիներ են անցել, բայց մենք մինչև հիմա էլ շարունակում ենք ընկերություն անել միմյանց հետ: Հաճախ մոռանում ենք, որ ամուսիններ ենք (կատակում է-հեղ.): Մեր կյանքի մեծ մասը միասին ենք անցկացրել, մենք ունենք ընդհանուր անցյալ, հիշողություններ: Մեր բոլոր ընկերները ընդհանուր ընկերներ են:
Հայաստանում ապրելով 20 տարի՝ ճակատագրի թելադրանքով 1987 թվականին տեղափոխվեցինք Ֆրանսիա: Սկսվեց հայրենիքից դուրս ապրելու իմ «երկրորդ» կյանքը: Ինձ հաճախ են հարցնում, թե որտեղ եմ ապրում, միշտ պատասխանում եմ. «Բնակվում եմ Փարիզում, բայց ապրում եմ Հայաստանում»:
Ճակատագրի բերումով մենք միշտ ապրեցինք կարոտով, հայրենիք ունենալու կարոտով, որը չեմ ցանկանա, որ մեր զավակները ապրեն: Հիմա մենք հայրենիք ունենք, ինչն ամենաթանկն է այսօր յուրաքանչյուր հայի համար: Անկախ նրանից, թե որ երկրում է ապրում, հայի միակ հույսը Հայաստանն է: Սփյուռքում բոլորը ապրում, շնչում են Հայաստանով, աղոթում են Հայաստանի համար և աշխարհին նայում՝ հայերեն:
– Պարո´ն Գալստանյան, կցանկանայի, որ խոսեիք Արցախի բանակին Ձեր ցուցաբերած աջակցության մասին:
– Իմ աջակցությունը Հայոց բանակին՝ մեկ կաթիլ է ծովում: Հետպատերազմյան տարիներին՝ կարողացա իմ մասնագիտությամբ օգտակար լինել Արցախին, Հայոց բանակին:
Ես զբաղվում եմ միջազգային առևտրով, արտահագուստ ենք արտադրում: Հիմնական տեղ է զբաղեցնում զինվորական, ոստիկանական, որսորդական արտահագուստը:
90-ականներին առիթ ունեցա համագործակցելու Արցախի այդ ժամանակի իշխանությունների հետ: Արցախում պետք է կայանար առաջին շքերթը, իսկ մեր զինվորները հագուստ չունեին: Երեք ամսում կարողացանք այդ հագուստը պատրաստել և մեծ ջանքերի շնորհիվ՝ բերել Արցախ: Բոլորդ եք հիշում, թե ինչ ժամանակներ էին: Մեծ խիզախություն էր այդ ժամանակ արտասահմանից մեծ քանակությամբ բեռ բերել Արցախ, բայց մենք հաջողեցինք:
Այդ շքերթից հետո դեռ մի քանի տարի Արցախի բանակին ես էի հագուստ մատակարարում: Հետո խոսեցի Արցախի այդ ժամանակի պաշտպանության նախարարի հետ և կարի արտադրամաս հիմնեցի Արցախում: Գնեցի կարի հին գործարան, համալրեցի ժամանակակից հաստոցներով ու սկսեցինք զինվորական հագուստ կարել: Մինչև հիմա աշխատում է գործարանն ու ծառայում իր նպատակին:
Հիմնական նպատակն էր, որ դրամը մնա երկրում, մարդիկ աշխատանք ունենան: Տարիների հեռվից նայելով այդ ամենին՝ մտածում եմ, որ ճիշտ որոշում էր:
Իսկ իմ կապը Արցախի հետ, չխզվեց: Այդ տարիներին Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչություն էր գործում և ես դարձա Արցախի ներկայացուցիչը Ֆրանսիայում: Ինձ շնորհեցին նաև գնդապետի կոչում, ինչի համար շատ շնորհակալ եմ: 2000 թվականին արդեն ՀՀ պաշտպանության նախարար, այսօրվա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն ինձ նկատեց և ես դարձա Եվրոպայում Հայոց բանակի ներկայացուցիչը:
Շատ շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ կարողացա և կարողանում եմ օգտակար լինել իմ հայրենիքին:
– Պարո´ն Գալստանյան, Դուք նշեցիք, որ թեև հայրենիքից հեռու, բայց հայկականությամբ լի ընտանիքում եք մեծացել: Կարողացե՞լ եք այդ ամենը փոխանցել Ձեր զավակներին:
– Իմ երեք որդիները՝ Նաիրին, Զորին և Դավիթը, հայկական դաստիարակություն են ստացել, իսկական հայ մեծացել: Ոչ միայն խոսում են հայերեն, այլ նաև ապրելով տարբեր երկրներում՝ պահում են իրենց հայկականությունը: Դավիթը՝ տասնմեկ, իսկ Զորին՝ ինը տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Ֆրանսիա: Փոքրս՝ Դավիթը, Ֆրանսիայում է ծնվել:
Ավագս՝ Նաիրին, շատ հետաքրքիր խառնվածք ունեցող անձնավորություն է, 7 լեզու գիտի: Առաջին մասնագիտությամբ ինժեներ է: Երկու տարի սովորելուց հետո՝ ասաց. «Սա իմ գործը չէ, և ես ուզում եմ դառնալ փիլիսոփա»: Շարունակեց այդ մասնագիտությամբ: Նաիրին միաժամանակ դաշնակահար է, կոմպոզիտոր: Ճակատագրի բերումով մի օր առիթ ունեցանք մեր տանը հյուրընկալելու մեծ հային՝ Տիգրան Մանսուրյանին: Երբ նա լսեց Նաիրիի նվագը, շատ հավանեց: Նաիրին նվագեց նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից: Երբ վերջացրեց, մաեստրոն ասաց. «Այդ ստեղծագործությունը դու քոնն ես դարձրել»:
Եթե աշխարհում Փարաջանովի ստեղծագործությունների մի քանի գիտակ կա՝ մեկը Նաիրին է: Նա հոդվածներ ունի Փարաջանովի մասին, միաժամանակ դասախոսություններ է կարդում և ներկայացնում Փարաջանովի ֆիլմերը:
Նաիրին ամուսնացել է երգչուհի, սոպրանո Լուսինե Լևոնիի (Մկրտչյան) հետ և ինձ պարգևել մի հրաշք թոռնիկ՝ Երվանդ անունով, որն իմ կյանքն է այսօր:
Մյուս տղաս՝ Զորին, բժիշկ է: Ի դեպ, նրան այդպես ենք անվանել ի պատիվ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանի, որին ես և կինս շատ ենք սիրում: Զորին աշխատանքի բերումով վերջերս տեղափոխվել է Կանադա: Բայց դա չի խանգարում, որ միշտ հայկական շրջանակում մնա:
Փոքր տղաս՝ Դավիթը, ցանկանում էր իրավաբան դառնալ: Երկու տարի սովորեց, բայց կիսատ թողեց ուսումը և նոր մասնագիտություն ձեռք բերեց: Նա ձայնային ինժեներ է: Ապրում և աշխատում է Ֆրանսիայում: Նա ծնվել է Ֆրանսիայում, բայց դարձյալ շատ վարժ հայերեն է խոսում: Նույնիսկ ընկերները կատակում են՝ թե Դավիթը Լոռվա բարբառով է խոսում: Հիշում եմ, երբ նոր էր մանկապարտեզ գնում, վերադառնում էր տուն ու սկսում էր իր խաղալիքներով խաղալ, որոնց հետ ֆրանսերեն էր խոսում: Սակայն եղբայրները արգելեցին նրան անգամ խաղալիքների հետ ֆրանսերեն խոսել:
Երեք թոռնիկ ունեմ՝ Էլինա, Երվանդ, Զոյա-Ալիսիա: Նրանք բոլոր էլ հայերեն են խոսում: Գիտեք, օտար լեզուներ սովորել դեռ կհասցնեն, բայց եթե հայերեն չխոսեն՝ հետո շատ դժվար կլինի:
Ես Իրանում եմ մեծացել, բայց երբևէ չեմ տեսել, որ երկու պարսկահայ միմյանց հետ պարսկերեն խոսեն: Այս ավանդույթը շարունակվում է նաև մեր ընտանիքում:
– Պարո´ն Գալստանյան, ինչով կցանկանաք եզրափակել մեր զրույցը:
– 21-րդ դարում ապրող հայ քաղաքացու համար ճանապարհը մեկն է՝ միավորվել, կազմակերպվել: Ես ցանկանում եմ, որ հայ մարդը, աշխարհի որ երկրում էլ ապրի՝ կապված լինի Հայաստանին:
Ես կարևորում եմ նաև Սփյուռքի նախարարության գոյությունը, նախարար Հրանուշ Հակոբյանի կատարած աշխատանքը: Ցանկացած սփյուռքահայ կարող է իրեն հուզող հարցերով դիմել նախարարություն և ստանալ իր հարցերի պատասխանը:
Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հայ գիտակցի, որ ինքն իր հայրենիքի տերն է: Ամեն մարդ երկրապահ է, ինչպես և՝ ես, և թող միշտ լինի իր երկրի պահապանը:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը